Ոստիկանություն դեռ ոչ ոք չի դիմել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտից ի հիշտակա զինվորական բժիշկ Վահե Ավետյանի տեղադրված հուշաքարի անհետացման խնդրով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ, եթե դիմեն ոստիկանություն, ապա իրենք կզբաղվեն:

Նշենք, որ Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտից հունիսի 29-ի երեկոյան անհետացել է ի հիշատակ անցած տարի սպանված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի տեղադրված հուշաքարը: Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանի մոտ ակտիվիստները բողոքի ակցիա եւ մոմավառություն էին արել եւ զետեղել «Այս տարածքում դրվելու է «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը» վերտառությամբ հուշաքար, թեպետ ոստիկանները` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, փորձում էին արգելել: Ակցիայից հետո բազմությունը փորձել է ճեղքել եւ երթ անել դեպի Հայրապետյանի տուն, իսկ այդ ընթացքում տեղադրված հուշաքարն անհետացել է:

Ետ վերադառնալով` ակցիայի մասնակիցները հուշաքարի գողության մեջ մեղադրել են ոստիկաններին, ի պատասխան Օսիպյանը ոչ միայն չի հերքել, այլեւ հայտարարել է, թե տարածքում նման հուշաքար տեղադրելու թույլտվություն չկա:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, 2012թ. հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը մահացել է հունիսի 29-ին, ժամը 19:00-ի սահմաններում:

2012թ. հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ:

Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել էր մի քանի ժամ, եւ Ավետյանն օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:

Դեպքի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, ներկայումս ընթանում է դատավարություն,  ամբաստանյալի աթոռին նստած են Հայրապետյանի թիկնապահներն ու ռեստորանի աշխատակիցներ՝ Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը եւ Արթուր Բաբլոյանը:

Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից, սակայն Ավետյանի հարազատների եւ քաղաքացիական ակտիվ հասարակության ակրծիքով, հենց նա պետք է պատիժ կրի հայ սպայի սպանության համար: Այս մեկ տարվա ընթացքում բողոքի բազմաթիվ գործողություններ են եղել: