Ատոմային էներգետիկաի մի շարք հայկական կազմակերպություններ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն, «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ն, «Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն, «Ատոմսերվիս» ՓԲԸ-ն իրավունք կստանան ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ընդունել անգլերեն եւ ռուսերեն լեզուներով ներքին իրավական ակտեր:
Այդ մասին որոշման նախագիծը ներառվել է ՀՀ կառավարության հունիսի 4-ի նիստի օրակարգում:
Ռուսերեն ու անգլերեն լեզուներով որոշումների ընդունումը նպատակ ունի ապահովել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտների կիրառումը, ինչպես նաեւ՝ ռուսական կայանների համար օգտագործվող անվտանգության նորմերն ու կանոնները:
Դրանց անհրաժեշտությունը բխում է ինչպես գործող ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու, այնպես էլ նոր էներգաբլոկ կառուցելու ծրագրերից:





























