Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում մահացել է 5-ամյա տղա «Բախվող ավտոմեքենաներ» ատրակցիոնում զվարճանալիս: Էլեկտրոմոբիլում նստած ժամանակ երեխան կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատին: Նա կրծքավանդակի ծանր վնասվածք է ստացել եւ հաջորդ օրը մահացել հիվանդանոցում:

Ողբերգությունը տեղի է ունեցել Կուչուգուրի բնակավայրում` հունիսի 29-ի երեկոյան: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրգործ, գրում է ՆՏՎ-ն:

Եվս մեկ դժբախտ պատահար է գրանցվել Կոստրոմայի մանկական այգում, որտեղ 16-ամյա պատանին, ով վերահսկում էր «Կենգուրու» կոչվող ատրակցիոնը, կորցրել է ձախ ձեռքի մատները:

Այս ամռանը ռուսական մի շարք զվարճանքների պուրակներում դժբախտ պատահարներ են գրանցվել: Չելյաբինսկում գանգուղեղի վնասվածք է ստացել 6-ամյա բնակիչը` բատուտի վրա թռչկոտելիս: Իսկ Պերմի բնակչուհին դուրս է թռել «ամերիկյան բլուրների» խցիկից, ավելի ուշ նա մահացել է: