Նախորդ շաբաթ Երեւանում հայտնաբերվել է ինքնակամ շինարարության 6 դեպք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, նշվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած հերթական խորհրդակցության ժամանակ: Ընդգծելով, որ նախորդ տարիների համեմատ դեպքերն էապես նվազել են, քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա աշխատանքը` դրանք բացառելու ուղղությամբ:

Նախորդ շաբաթ լրատվամիջոցներում քննարկված Սունդուկյան փողոցի 90 շենքին  հարակից բակային տարածքում նախատեսված աշխատանքների հետ կապված` Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ բնակիչների հարմարավետ հանգստի կազմակերպման նպատակով նախատեսվել է բակի բարեկարգում: Համաձայն զեկույցի՝ որոշ բնակիչների կողմից տարիներ առաջ զավթած հողակտորների մի մասը ծառայել են որպես բոստանային տարածքներ, մյուս մասում էլ եղել են ավտոտնակներ, որոնք ապամոնտաժվել են: Վարչական շրջանի ղեկավարը նաեւ զեկուցել է, որ սույն աշխատանքների շրջանակում մշակվել է տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծ, որը ներկայացվել է բնակիչներին ու արժանացել նաեւ նրանց հավանությանը:

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ մայրաքաղաքի բոլոր բակային տարածքները վերադարձնելու ենք երեւանցիներին: Այդ ուղղությամբ վերջին երկու տարիների ընթացքում մեր կողմից կատարած աշխատանքները դրական արդյունք են տվել ու ընդունվել են բնակիչների կողմից: Ըստ այդմ, առաջիկա 4 տարիներին եւս շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքները, որպեսզի ծրագիրը հասցնենք ավարտին, եւ Երեւանի բոլոր բակերը ծառայեն մեր քաղաքացիներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման ու ընթացիկ նորոգման աշխատանքները: Զուգահեռաբար իրականացվում են նաեւ փողոցների գծանշման, ճանապարհային երթեւեկության վնասված նշանների փոխարինման ու վերականգնման աշխատանքները: Հանձնարարվել է մինչեւ նոր ուսումնական տարեսկիզբ ապահովել կրթական բոլոր հաստատությունների հարակից փողոցների գծանշումները:

Անշարժ գույքի սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման եւ այլ աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 145 վարչական արձանագրություն: