Երեւանում ավարտվել են ծրագրով նախատեսված թվով 35 կամարանցումների վերանորոգման եւ նկարազարդման աշխատանքները, ընթացքի մեջ են բակային տարածքների նկարազարդումները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, նշվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած հերթական խորհրդակցության ժամանակ:

Անդրադառնալով «Ավելի մաքուր Երեւան» կարգախոսով ծրագրին` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ պետական կառույցների,  նաեւ՝ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ նախորդ շաբաթ սանմաքրման աշխատանքներ են իրականացվել «Հաղթանակ» զբոսայգում: Քաղաքապետը հանձնարարել է ծրագրի շրջանակում առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, մինչեւ սեպտեմբեր, յուրաքանչյուր շաբաթ մաքրման աշխատանքներ կազմակերպելու վերաբերյալ:

Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը զեկուցել է, որ հուլիսի 1-ից վարչական շրջաններում մեկնարկում են բակային ճամբարները: Նախատեսված են մարզական եւ մշակութային մի շարք միջոցառումներ ու մրցույթներ, էքսկուրսիաներ եւ հանդիպումներ մտավորականների հետ:

Զեկուցվել է, որ շարունակվում են վարչական շրջանների, համատիրությունների, ինչպես նաեւ համատիրություն-վարչական շրջան համատեղ ուժերով իրականացվող բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել եւ հետագայում ծրագրերում ներառել նաեւ շենքերի բոլոր հարկաբաժինների աստիճանահարթակների վերանորոգման աշխատանքները: