Երեւանում առողջապահական տուրիզմի համակարգմանն ու զարգացմանն առնչվող հարցեր են քննարկել Բժշկական տուրիզմի ասոցիացիայի պատվիրակության անդամներն ու Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի եւ տուրիզմի, ինչպես նաեւ Առողջապահության եւ Արտաքին կապերի վարչությունների ղեկավարները: Քաղաքապետարանի պատասխանատուները հյուրերին ներկայացրել են մայրաքաղաքում համապատասխան ոլորտների հնարավորություններն ու առկա ներուժը։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բժշկական տուրիզմի սեմինարին մասնակցելու նպատակով Երեւանում գտնվող Բժշկական տուրիզմի ասոցիացիայի պատվիրակության ղեկավար, ասոցիացիայի նախագահ Ռենե-Մարի Ստեֆանոն նշել է, որ իրենց կազմակերպությունը հետաքրքված է ոլորտի երեւանյան միջավայրով եւ առաջարկել է աջակցության կամ համագործակցության եզրեր փնտրել։
Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանն ընդգծել է, որ Երեւանի մի շարք բուժհաստատություններ իրենց մատուցած որակյալ բուժծառայություններով կարող են նաեւ հետաքրքրել բազմաթիվ երկրների քաղաքացիների եւ, ըստ այդմ, նպաստել բժշկական զբոսաշրջության զարգացմանը։
«Այցի ընթացքում նախատեսել ենք լինել Երեւանի մի քանի բուժհաստատություններում՝ ուսումնասիրելու հնարավորությունները, առաջարկները: Դա կնպաստի երկկողմ փոխշահավետ համագործակցություն սկսելուն»,– նշել է Բժշկական տուրիզմի ասոցիացիայի նախագահ Ռենե-Մարի Ստեֆանոն։





























