Մերձավոր Արեւելքը կորցնում է իր քրիստոնեական համայնքները: Այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրղների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի ղելավար Գագիկ Հարությունյանը:
Նրա կարծիքով՝ գործընթացն այսօր չի սկսվել եւ միայն Սիրիայում չի սկսվել. Տարածաշրջանն արդեն կես կլրդ քրիստոնյա է կորցրել: «Հայ համայնքները Մերձավոր Արեւելքում նույնպես լքում են իրենց բնակավայրերը»,-ասաց քաղաքագետն ու հավելեց. «Ընդհանուր առմամբ, քաոսի իրավիճակը մոտ է Հայաստանի սահմաններին, հաշվի առնելով այն աջակցությունը, որն ստանում են Սիրիայի զինյալ ընդդիմադիրները Թուրքիայի կողմից եւ որը բոլորովին ձեռնտու չէ Երեւանի համար»:
Գագիկ Հարությունյանը ուշադրություն է հրավիրել այն անհավատալի դաժանությունների վրա, որոնք կիրառում են սիրիացի գրոհայիններ իրենց զոհերի հանդեպ: Նրա խոսքով՝ ակնհայտ բացասական վերաբերմունք կա ոչ սուննի բնակչության նկատմամբ եւ հաճախ այդ գործողությունները ցեղասպանություն են հիշեցնում:
Նա ձեռնպահ մնաց Սիրիայում հակամարտության ավարտի կոնկրետ ժամկետներ նշելուց, նշելով, որ այդ երկրում իրավիճակը տարբերվում է «արաբական գարուն» տեսած մյուս երկրներից, քանի որ այստեղ ուժեղ դիմակայություն կա: «Կարող եմ միայն մեկ կանխատեսում անել՝ շուտ չի ավարտվի»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ սիրիացի զինյալներին օգնող երկրները, օրինակ Ֆրանսիան, տեսնելով նրանց կողմից կիրառվող դաժանությունները, արդեն կասկածում են, թե արդյոք արժէ գրոհայիններին զենք մատակարարել:





























