Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանի՝ Ղարաբաղում գտած եւ Ուկրաինա ուղարկված ոսկու լաբորատոր ստուգումների արդյունքներն արդեն պատրաստ են: Ոսկի հայտնաբերվել է, սակայն այն ստանալու համար ծախսերը ավելի շատ կլինի, քան արդյունքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար Փայլակ Հայարապետյանը:
«Իհարկե, շատ տխրեցի, բայց չեմ հանձնվելու: Մի քիչ այստեղի գործերս կարգավորվի, անպայման գնալու եմ Ղարաբաղ: Ղարաբաղում երկաթի, մոլիբդենի հանքեր կան: Դրանով ոչինչ չի ավարտվում: Ամեն ինչ կա: Ես շատը ուզում եմ, ոչ թե իմ համար գտնել, այլ Ղարաբաղի ժողովրդի համար աշխատատեղեր ստեղծեմ»,- արձագանքեց Փայլակ Հայրապետյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում անպայման կրկին այցելելու է Ղարաբաղ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գործարար Փայլակ Հայրապետյանը, հնարավոր է, Ղարաբաղում ոսկու տարածքներ է հայտնաբերել: Փայլակ Հայրապետյանի խոսքով՝ երբ Երեւանում գույքի բռնագրավման խնդիր է առաջացել, ինքն Արցախում գործերը կիսատ է թողել եւ վերադարձել Երեւան: «Կասկածներ կան, որ ոսկու տարածքներ ենք հայտնաբերել: Տվել ենք այստեղ լաբորատորիային, որ ստուգեն տեսնենք, թե մեր կասկածները որքանով են հիմնավոր»,- ավելացել էր Փայլակ Հայրապետյանը: Տեղեկացրել էինք նաեւ, որ գործարար Փայլակ Հայրապետյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ իր բրենդը այնտեղ տանելու համար: Հարցին, թե ո՞րն է իր բրենդը, նա պատասխանել էր. «Իմ բրենդն իմ ազգանունն է», հավելելով, որ մեկնել է Ղարաբաղ ընդերքն ուսումնասիրելու: Դիտարկմանը, թե այնտեղ նավթ կամ գա՞զ են փնտրում, Հայրապետյանը պատասխանել էր. «Դեռ ընդերքն ենք ուսումնասիրում, տեսնենք, թե ինչ հանածոներ կլինի: Մեր հարուստներն էլ, որ տանում են այդ գումարները լցնում են օտար երկրներում, թող բերեն Ղարաբաղ: Դրա համար էլ ես ուզում եմ իմ բրենդը տանեմ այնտեղ: Նոր աշխատատեղեր եւս կստեղծվեն»:
Լուսանկարը՝ «Հրապարակի»





























