Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանը այն մասին, որ մարզային գրանցում ունեցող կանայք մայրաքաղաքում ծննդաբերելու համար պետք է վճարեն, դեռ վաղուց պետք է ուժի մեջ մտներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախկին նախարար, ՍԴՀԿ անդամ Արարատ Մկրտչյանը: Նրա խոսքով` այս կարգի փոփոխությունից միայն կարող են դժգոհել երեւանյան խոշոր կլինիկաների ղեկավարները:
«Այն պարզ պատճառով, որ նոր հրամանի համաձայն իրենց մոտ ծննդկանները պակասել են: Արդյունքում մարզերից էլ իրենց մոտ չեն գալու»,- ավելացրեց Արարատ Մկրտչյանը: Նա կարծում է, որ այդ կարգի փոփոխությունը բացասական հետեւանքներ իր մեջ չի պարունակում, որովհետեւ դեռ խորհրդային տարիներից մարզերում ծննդատներ էին ստեղծված եւ գործում էին լավագույն մասնագետներով:
«Ստացվում է, որ կամ պետք է փակել դրանք` վերացնել կամ կառավարման փոփոխություն կատարել եւ ապահովել հղիների հոսքը նաեւ մարզեր: Իսկ այն դեպքերը, որոնք բարձր մակարդակի ծառայություն են մատուցում: Այսինքն` ուղարկվում են մայրաքաղաք: Կազմակերպչական տեսանկյունից ամբողջ աշխարհում այս սկզբունքը գործում է: Այստեղ, որեւէ արտառոց բան չկա»,- հիմնավորեց Արարատ Մկրտչյանը եւ արդարացրեց համահարթեցման այս տարբերակը:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարի հատուկ հրամանով մայիսի 1-ից Հայաստանի տարբեր մարզերի հղիները անվճար ծննդաբերելու իրավունք կունենան միայն մարզի տարածքի իրենց նախընտրած ծննդատներում, իսկ Երեւանում ծննդաբերելու համար ստիպված կլինեն վճարել: Հակառակ դեպքում պետք է վճարեն 107 հազար դրամ: Երեւանում անվճար կարող են ծննդաբերել միայն կանանց կոնսուլտացիայում հղիության բարձր ռիսկայնության ցանկում գրանցված հղիները:





























