ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունները հիմնված են կազմակերպության երեք հենասյուների վրա՝ Եվրոպայում ռասիզմի եւ այլատյացության, ատելության խոսքի դեմ պայքարը, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության խրախուսումը, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչների ամրապնդումը, ժողովրդավարական հասարակությունների խթանումը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, Երեւանում, «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո առաջին անգամ, 2013թ. մայիսի 16-ին, Հայաստանը ստանձնեց Նախարարների կոմիտեի նախագահությունը: Այս կարեւոր առաքելությունը մենք առաջին հերթին դիտարկում ենք իբրեւ հավելյալ հնարավորություն մեր ներդրումը բերելու ժողովրդավարության զարգացմանն ուղղված Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միասնական ջանքերին:

Նախագահությունը նաեւ մարտահրավեր է Եվրոպայի Խորհրդի ցանկացած անդամ երկրի համար, որովհետեւ եվրոպական մայրցամաքն այսօր բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնք կարող են դժվարություններ ստեղծել մեր հիմնարար արժեքների պաշտպանության գործում։ Այն նաեւ մեծ պատասխանատվություն է, քանի որ կազմակերպության հաջողությունը կախված է ոչ միայն ԵԽ յուրաքանչյուր անդամ երկրի ներդրած ջանքերից, այլ նաեւ այդ ջանքերի պատշաճ առաջնորդությունից։

Հայաստանի նախագահությունը նաեւ մեծ կարեւորություն է տալիս բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացմանը,  Եվրոպայի խորհրդի բարեփոխումներին, եվրոպական ընդհանուր ճարտարապետության մեջ կազմակերպության դերի ամրապնդմանը, գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաեւ Եվրոպայի Խորհրդի հարեւան տարածաշրջանների հետ երկխոսության զարգացմանը:

2013թ. մայիսի 16-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանի ընթացքում, մենք բավական հետաքրքրիր եւ բովանդակալից քննարկում ունեցանք՝ փորձելով պատասխանել այն հարցին, թե ինչ պետք է անեն Եվրոպայի Խորհուրդը եւ անդամ երկրները՝ Եվրոպայի Խորհրդի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Մենք բոլորս համակարծիք էինք, որ Եվրոպայի Խորհուրդը մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության պաշտպանության եւ տարածման բացառիկ մեխանիզմ է: Այդ մեխանիզմը բացառիկ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությամբ, որը 800 միլիոն եվրոպացիների իրավունքների պաշտպանության վերազգային երաշխավորն է, այդ մեխանիզմը բացառիկ է իր ստեղծած պարտադիր բնույթ ունեցող նորմերով ու չափորոշիչներով, այն բացառիկ է իր ինստիտուցիոնալ կառուցվածքով եւ համաեվրոպական ընդգրկմամբ:

Կազմակերպության գործունեության արդյունավետությունն ու նրա վստահելիությունը մեծապես կախված են այն հանգամանքից, թե որքանով անդամ երկրները միասնաբար եւ յուրաքանչյուրն անհատապես հավատարիմ կմնան ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը եւ մարդու իրավունքներն ամրապնդելու եւ առաջ տանելու իրենց հանձնառությանը:  

Իրավունքի եւ օրենքի գերակայությունների տարբերակման, եվրոպական չափորոշիչների եւ իշխանությունների հայեցողության սահմանների վերաբերյալ կարծիքները եւ մեկնաբանությունները թողնելով այս դահլիճում ներկա ոլորտի պատկառելի պատասխանատուներին եւ մասնագետներին, կցանկանայի ընդգծել իրավունքի գերակայության կարեւորությունը մեր երկրների ու հասարակությունների զարգացման համար:

Արիստոտելն ասել է. «Օրենքը կարգուկանոն է, իսկ լավ օրենքը՝ լավ կարգուկանոն»: Այս համաժողովի աշխատանքները նաեւ կարող են նպաստել օրենքի եւ դրա կիրառելիության կատարելագործմանը եվրոպական մայրցամաքում եւ այս գործընթացում իրենց ներդրումը կարող են բերել ինչպես Նախարարների կոմիտեն եւ Խորհրդարանական Վեհաժողովը, այնպես էլ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ու Վենետիկի Հանձնաժողովը»: