Միջազգային ճգնաժամային խումբն իր նոր զեկույցում Ղարաբաղի հարցում իրավիճակի վատթարացում է արձանագրել, հաղորդում է «Ազատությունը»:
Ըստ այդմ, նշել է, որ ԼՂ հակամարտության գոտում լարվածությունն ընթանում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին զուգահեռ։ Հունիսի 19-ին Ադրբեջանը հայտնել է Ռուսաստանից 1 մլրդ դոլարի զինատեսակներ ստանալու գործարքի մասին։ Ռուսներն ադրբեջանցիներին տրամադրում են T-90 տանկեր, արդիական հրետանային եւ հրթիռային համակարգեր։
Նախագահ Իլհամ Ալիեւի հրամանատարությամբ Բաքվում հունիսի 26-ին տեղի է ունեցել զորահանդես, որի ընթացքում ցուցադրվել են նոր զինատեսակներից մի քանիսը, դրանց թվում՝ անօդաչու սարքերը, իսկ քաղաքի վրայով են անցել կործանիչները։
Ալիեւը հերթական անգամ վստահեցրել է իր զինվորներին եւ զորահանդեսին հետեւող հայրենակիցներին ու արտասահմանցիներին, թե Ադրբեջանի զինված ուժերը հարկ եղած դեպքում պատրաստ են հսկողության տակ առնել ոչ միայն հայերի գրաված շրջանները, այլեւ բուն հայկական տարածքները։
Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբանների փոխանցմամբ, ի պատասխան Բաքվի կողմից ուժի ցուցադրության՝ Հայաստանի պաշտպանության նախարարության մի անանուն պաշտոնյա ասել է, որ հայկական ուժերի տրամադրության տակ կան հեռահար հարձակողական համակարգեր, որոնք կարող են ոչնչացնել ցանկացած թիրախ Ադրբեջանի տարածքում։
Վերլուծաբանները նշում են, թե առայժմ հասկանալի չէ` խոսքը ռուսների կողմից հայերին փոխանցված զենքի՞ մասին է, թե՞ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական զորքին պատկանող զինատեսակի։
Հունիսի 26-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այցելել է Երեւան եւ հավաստիացրել, որ ռուսական կողմը վերազինելու է 102-րդ ռազմակայանն ու սատարելու է Հայաստանին։
Մինչդեռ, հայ - ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումները չեն դադարում։ Հակամարտությունների գծով ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Անդրիյ Դեշչիցյան հունիսի 12-ին նախազգուշացրել է, որ հայ - ադրբեջանական լարվածությունը հասել է պայթյունավտանգ սահմանի։
Միջազգային հանրությունը մտահոգություն է արտահայտում նաեւ Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի հնարավոր վերագործարկման առիթով, նշելով, որ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների։
Բացի այդ, Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում նշվում է, որ երկու կողմերի ղեկավարները վաղուց չեն հանդիպել եւ չեն դրսեւորում կացության թուլացման նպատակով մի նոր երկկողմ հանդիպում անցկացնելու ցանկություն։
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները ափսոսանք են հայտնել բանակցային գործընթացի փակուղային վիճակի առիթով եւ հակամարտող կողմերին հորդորել են ակտիվացնել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։
Նշենք, որ Միջազգային ճգնաժամային խումբը պատրաստել է նոր զեկույց աշխարհի տարբեր հատվածներում առկա հակամարտությունների մասին, որտեղ իրավիճակի վատթարացում է արձանագրել նաեւ Եգիպտոսում, Վրաստանում, Լիբանանում, Սոմալիում ու Սիրիայում:





























