Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը, հուլիսի 2-3-ին, այցելել է Վիլնյուս` Եվրամիության նախագահությունն ստանձնող Լիտվայի ՊՆ կազմակերպած ԵՄ արեւելյան գործընկերության շրջանակներում «Եվրոպական ընդհանուր անվտանգության եւ պաշտպանական քաղաքականությանը» նվիրված սեմինարին մասնակցելու նպատակով:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել է նաեւ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը: Սեմինարի ընթացքում Դ.Տոնոյանը հանդես է եկել ելույթով, որտեղ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում պաշտպանական համագործակցության գոյություն ունեցող հնարավորությունների օգտագործման համար առաջարկել է մի շարք մոտեցումներ` միջազգային այլ կազմակերպությունների` ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ, հետ ՀՀ համագործակցության ծրագրերի կրկնության բացառումը եւ փոխլրացումը ապահովելու պարագայում: Մասնավորապես հաշվի առնելով, որ ինչպես սահմանվում է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունում, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն ուղղված ներգրավման գործընթացներին ՀՀ լիիրավ մասնակցությունը համապատասխանում է ՀՀ շահերին, նշվել է որ հաջորդ տարի նախաձեռնվելիք պաշտպանության ռազմավարական նոր վերանայման ընթացքում  պաշտպանության պլանավորման նկատառումներում ԵՄ-ի հետ համագործակցության դերի հստակեցմանը լրացուցիչ ուշադրություն կհաղորդվի: