ԱՄՆ-ում 30 տարի առաջ անհետացած ուսուցչուհու մարմինը գտել են պատի մեջ քողարկված: Ջոնա Նիքոլսի մնացորդները հայտնաբերել են Նյու Յորքի դատարկ տանը, որը վաճառքի էր հանվել:
Պոլիէթիլենով փաթեթած դիակը թաքցրել էին նկուղի կեղծ պատի մեջ: Կնոջ ձեռքերը կապված են եղել պարանով, նաեւ կոտրված է եղել գանգը, ինչի պատճառով էլ փորձագետները կարծում են, որ մահը վրա է հասել գլխին ստացած հարվածից:
Տունը շրջանային իշխանությունները խուզարկել են տիրոջ՝ անհետացած կնոջ ամուսին, 82-ամյա սեփականատեր Ջեյմս Նիքոլսի մահից հետո: Պատը վերջինս փորձել էր քողարկել՝ մինչեւ առաստաղ իրեր դնելով: Նիքոլսը նախքան մահանալը ուսուցչուհու անհետացման գործի հիմնական կասկածյալն էր, գրում է lenta.ru-ն:
Կնոջ անհետացման մասին Ջեյմս Նիքոլսը հայտնել էր 1985թ.: Նա ոստիկանությանը եւ տեղի թերթին պատմել էր, որ կինն իրեն էր զանգահարել Սուրբ ծննդի նախօրեին եւ իր գտնվելու վայրի մասին հարցի ժամանակ կախել խոսափողը: Ամուսինը ենթադրել էր, որ կինը կարող էր փախած լինել այլ տղամարդու հետ:



























