ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը չի հատել Ռուսաստանի սահմանը, նա դեռեւս գտնվում է «Շերեմետեւո» օդանավակայանի տրանզիտային գոտում, ՌԻԱ Նովոստիին է հաղորդել ուժային կառույցների աղբյուրը:
«Քանի որ Բոլիվիայի նախագահը մեկնել է «Վնուկովոյից», Սնոուդենը չէր կարող նրա օդանավում լինել, քանի որ «Շերեմետեւոյից» «Վնուկովո» կարելի է գնալ միայն Ռուսաստանի տարածքով, իսկ դրա համար տրանզիտային վիզա կպահանջվեր, որը նա չուներ: Չկան նաեւ տեղեկություններ այն մասին, որ նա հատել է ՌԴ սահմանը»,-ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, ով մեկնել է Մոսկվայից, հարկադրաբար վայրէջք է կատարել Վիեննայի օդանավակայանում: Նախագահական օդանավում Սնոուդենին էին փնտրում:
Մինչ այդ, ինչպես հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ԵՄ-ն, որը 2012թ ստացել է Խաղաղության նոբելյան մրցանակ, պետք է ապահովի ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի լավ ընդունելություն:
Սակայն ինչպես հաղորդում է «Utro.Ru»-ն, ներկայումս Գերմանիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Իռլանդիայի, Ֆինլյանդիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Բրազիլիայի եւ հնդկաստանի իշխանությունները արդեն մերժել են Սնոուդենին ապաստան տրամադրելու հարցում: Մի շարք երկրներ էլ առայժմ պատասխան չեն տվել:



























