«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն այսօր՝ հուլիսի 3-ին հայտարարություն է տարածել այն մասին, որ արտասահմանյան «SNICKERS», «Mars», «Dove», «BOUNTY», «Starburst», «M&M’s», «Maltesers», «Twix», «Celebrations» պաղպաղակները վաճառվում են հիմնականում առանց հայերեն մակնշման: «Ստացվում է, որ սպառողը, մի քանի անգամ ավելի թանկ վճարելով, չունի հնարավորություն իմանալու՝ ինչ է օգտագործում եւ հույսը պետք է դնի միայն պաղպաղակների հայտնի անվանումների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ սույն պաղպաղակները Հայաստան ներկրում է «Ֆլեշ թրեյդ» ընկերությունը, որը «Մարս» ընկերության բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում: Ընկերության տնօրեն Ալբերտ Գասպարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հկ-ի տարածած հաղորդագրությունը իրականության հետ կապ չունի՝ իրենց բոլոր պաղպաղակները հայերեն մակնշվում են, ինչը պարբերաբար ստուգվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության կողմից: Սակայն հնարավոր է՝ սառնարանի մեջ պաղպաղակին սոսնձված մակնիշների մի մասը պոկվի, քանի որ որքան էլ որակով կպցնեն այդ մակնիշները՝ տեղափոխումների ու պահպանման ժամանակ դրանք ենթարկվում են սառի ու տաքի, գոլորշու ազդեցությանը: Սակայն նույնիսկ այդ դեպքում պաղպաղակների 80-90%-ի վրա մակնիշը պահպանվում է, իսկ մնացածը պարզապես կարելի է գտնել սառնմարանի հատակում: «Այդ կազմակերպությունը անվավեր հայտարարություն է արել»,- ասաց Ա. Գասպարյանը:





























