Հունգարիայի իշխանությունների համար զարմանալի է, որ հայ սպային գիշերը` քնած ժամանակ, կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը ոչ միայն չազատազրկվեց, այլեւ հերոսացվեց: Այս մասին այսօր` հուլիսի 3-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հունգարիայի ՍԴ նախագահ Պետր Պաչոլայը:

Նա նշեց, որ Սաֆարովը շուրջ 6-7 տարի Հունգարիայում գտնվել է ազատազրկման մեջ, եվ նրան արտահանձնելիս Հունգարիայի իշխանությունները կարծում էին, թե Ադրբեջանում եւս նա կգտնվի ազատազրկման մեջ` իր պատիժը շարունակելով այդ երկրում:

Հունգարացի պաշտոնյան ասաց, որ ինքը չի կարող իր երկրի կառավարության անունից որեւէ բան ասել, քանի որ ծանոթ չէ էքստրադիցիայի պայմաններին: Հարցին, թե համաձայն է այն պնդումներին, որ Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ գործարք է եղել, Պետր Պաչոլայը պատասխանեց. «Ո՛չ, ես չգիտեմ, ես երբեք նման բան չեմ լսել»:

Նա իր պարտքը համարեց Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու համար ներողություն խնդրել հայ ժողովրդից: Նրա կարծիքով` Հունգարիայի դատարանի որոշումը Սաֆարովի հանդեպ խիստ չի եղել եւ զարմանում է, թե ինչպես  իշխանությունները, դեսպանները այն չափազանց խիստ որակեցին:

Հիշեցնենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:

2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: