Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ, Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Էջմիածին, թեեւ նրա մանդատը լրանում էր 2014թ. թվականին:
Nouvelles d'Arménie-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի թեմի առաջնորդի հրաժարականի պատճառները չեն նշվում, սակայն հայտնի է, որ նա տարաձայնություններ ուներ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Նիսի եկեղեցու նախկին քահանա, հայր Վաչեի հարցով, ում ստիպված էին եղել ուղարկել Ստրասբուրգ մի շարք աղմկահարույց բացահայտումներից հետո:
Փարիզի հայ համայնքն առայժմ չի մեկնաբանում Նորքան արքեպիսկոպոսի հրաժարականը, սակայն առաջիկայում հայտարարություն կանեն այդ կապակցությամբ:
Դեռ 2011թ. մայիսին Ֆրանսիայի հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների խորհուրդը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, թե «Ֆրանսիայի Հայոց Թեմը բացարձակապես ճգնաժամային եւ տագնապահարույց իրավիճակում չէ: Հորդորում ենք Նիսի եկեղեցական նախկին վարչության անդամներին դադարեցնել իրենց ավերիչ գործունեությունը եւ հայ հանրությանը ապատեղեկացնելու փոխարեն` նպաստել Նիսի հայ հավատացյալների հավաքական կյանքում հոգեւոր առողջ մթնոլորտի ձեւավորմանը»:




























