«Ժամանակ» թերթը զրուցել է Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի հետ։ Հատված հարցազրույցից.

Այս ընթացքում եղե՞լ են պահեր, երբ Դուք, որպես ոստիկանապետ, ինքներդ Ձեր խղճի դեմ եք գնացել:

Ինձ հետ նման բան չի եղել: Ես չեմ կարող այնպիսի արտահայտություն  անել, որ այս համակարգից հոգնել եմ, քանի որ սիրում եմ իմ աշխատանքը: Ես ինքս եմ ընտրել այս աշխատանքը: Այսօր մենք ունենք շատ նորմալ սպայական կազմ, հոյակապ ղեկավարներ՝ սկսած մեր ոստիկանապետից, վերջացրած բոլոր տեղակալներով: Ասեմ, որ հիմա, նախկինի համեմատ, բոլոր առումներով մեզ համար մի քիչ հեշտ է աշխատելը:  Ինչ վերաբերում է խղճին դեմ գնալուն, ապա ոչ մի անգամ իմ խղճին դեմ չեմ գնացել: Ես իմ սուրբ պարտականությունն եմ կատարում, եւ շատ-շատերը գիտեն, որ ես այն մարդկանցից չեմ, ում մոտ կարելի է միջնորդ ուղարկել կամ ինչ-որ հարցի շուրջ կարելի է միջնորդություն անել: Չէ, ես ճշմարտության կողմն եմ, ճշտի կողմն եմ:

Ընդունված կարծիք կա, որ եթե անպատժելիության մթնոլորտ չլիներ, Սյունիքում եւ Գյումրիում եղած դեպքերի նման դեպքեր չէին լինի:

Չէ՛, ես համամիտ չեմ: Շատ լավ ասացվածք կա` երբեք մի ասա երբեք: Կյանքում ոչ ոք  ոչնչից ապահովագրված չէ: Ի վերջո, եկեք մի բան հասկանանք: Եթե չլինի հանցագործությունը, ոստիկանությունն ի՞նչ է անելու: Ամեն ինչ էլ կարող է լինել: Ուղղակի մենք՝ ոստիկաններս, պետք  է պատրաստ լինենք եւ կարողանանք շատ արագ արձագանքել այդ ամենին:

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասում է, որ կրիմինալն ու հանցագործությունները Երեւանում են, նման բաներ Գյումրիի վրա մի բարդեք, Գյումրին երբեք էլ կրիմինալ քաղաք չի եղել, վատ բարքերը գալիս են Երեւանից:

Ես  Վարդան Ղուկասյանի ասածը չհասկացա: Ես երեւանաբնակ եմ, շաբաթներով մնում եմ այստեղ՝ Գյումրիում, իմ ընտանիքը Երեւանում է: Այսինքն՝ ե՞ս եմ կրիմինալն ինձ հետ Երեւանից այստեղ բերել: Այսօր այստեղ ես եմ երեւանաբնակ: Համամիտ չեմ պարոն Ղուկասյանի հետ:

Այս պահի դրությամբ քաղաքում իրավիճակը լարվա՞ծ է մնում:

Չէ՛, բացարձակ:

Երկու գերդաստանների միջեւ դարավոր պայքարը հարթվե՞ց:

Գիտեք, իմ ոստիկանության պետը լավ արտահայտություն արեց. եթե չհաշտվեն, մենք կմիջամտենք, որ իրենք  Հայաստանի Հանրապետությունից արտագաղթեն:

Բայց չէ՞ որ մենք արտագաղթի լուրջ խնդիր ունեք:

Չէ՛, այս հարցում մենք կօգնենք արտագաղթեն, երկու կլանների մասին է խոսքը...

Կարո՞ղ եմ Ձեր խոսքերից հասկանալ, որ խնդիրը դեռեւս չի հարթվել:

Տվյալ հարցին կարող են պատասխանել միայն ու միայն իրենք: Եթե ես այսօր ասեմ, որ իրենք հաշտվել են, ինչ-որ տեղ սխալ կլինի նման պատասխան տալը: Նորից եմ ասում՝ երբեք մի ասա երբեք»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):