Վեց ամիս առաջ «Երիտասարդական մետրո» կայարանի հարեւանությամբ գտնվող գետնանցումից մի խումբ գրավաճառներ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, տեղափոխվեցին Կամերային երաժշտության տան հարեւանությամբ գտնվող այգի ՝ գրքերի վաճառքն այդ տարածքում կազմակերպելու համար։ Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Վեց ամիս 24 գրավաճառ աշխատելու հնարավորություն չեն ունեցել, ինչը նշանակում է՝ 24 ընտանիք զրկված է եղել օրվա հացը վաստակելու գումարից։

 Նոր-նոր գրավաճառներն ավարտին են հասցնում այգում վարձակալած տաղավարի շինարարությունը, որպեսզի սկսեն աշխատել, սակայն երեկ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները լոմ ու քլունգով հայտնվել են տարածքում ՝ ասելով, որ տաղավարի դիմացի սալիկապատումը, որը դեպի տաղավար մի քանի մուտք է ապահովում այցելուների համար, պետք է քանդեն։ Վերահսկողները հայտնել են, որ սալիկապատումը գազոնապատված տարածքում ապօրինի է։ Գրավաճառների խոսքերով՝ «միլիոնով վարկեր» են վերցրել, որ կառույցը ավարտուն տեսքի բերեն, եւ եթե քաղաքապետարանը քանդի այդ տարածքը, նրանց բիզնեսը եւս մի քանի ամսով կհետաձգվի։ «Որ մի դեպուտատի կառույց լիներ՝ այսպես վրա չէին տա»,– ասում էին գրավաճառները։