Մեծ Բրիտանիայի հյուսիսում գտնվող Բինչիսթեր հռոմեական բերդում պեղումների ժամանակ տեղի Անթենոցիտիկուս աստվածության գլուխն են հայտնաբերել: Քանդակի գլուխը հայտնաբերել է հնագիտության առաջին կուրսի ուսանողը:
Ըստ հնագետների՝ գտածոն 1800 տարեկան է: Այն պատրաստված է կրաքարից եւ ունի 20 սմ երկարություն: Գլուխը հայտնաբերվել է բերդում երկու տարի առաջ պեղված սրբավայրից ոչ հեռու, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
Արտաքին նմանողության հիման վրա գիտնականները ենթադրում են, որ գլուխը պատկանել է Անթենոցիտիկուս աստվածության կրաքարե արձանին, այդ տեղական աստծո պաշտամունքի մասին հայտնի էր դարձել 1862թ.: Այն ժամանակ կրաքարից նման գլուխ էին հայտնաբերել Հադրիանի պատից ոչ հեռու գտնվող Բենվել բնակավայրում:
Հռոմեական Բինչիսթեր բերդը գտնվում է Մեծ Բրիտանիայի հյուսիսի ժամանակակից Դարեմ կոմսության տարածքում: Ըստ հնագետների՝ այն կառուցվել է մ. թ. 79թ. եւ ծառայել է Շոտլանդիա տանող Դերե ճանապարհի պաշտպանությանը:





























