Ուկրաինական FEMEN շարժման կողմնակիցները ֆեմինիստական հեղափոխություն են նախապատրաստում եւ աշխարհը կցնցեն իրենց ակցիաներով: Թե ով է ֆինանսավորում շարժումն ու ինչպես են նախապատրաստվում վերջինիս ակտիվիստուհիները ՌԲԿ daily-ին պատմել է Ֆրանսիայում թաքնվող FEMEN-ի ակտիվիստուհի Իննա Շեւչենկոն:
Նրա խոսքով՝ շարժման մասնակիցները պատրաստություն են անցնում Փարիզում FEMEN-ի մարզական կենտրոնում: Տրենինգների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում նրանց ֆիզիկական պատրաստվածությանը, քանի որ աղջիկները հաճախ բռնության հետ են բախվում:
«Մենք պարապում ենք, թե ինչպես հանել վերնաշապիկը ակցիաների ժամանակ: Երբ բողոքի ակցիայի ենք դուրս գալիս, հանում ենք մեր վերնաշապիկն ու մեզ նայում են: Ինչպես միշտ դա նրանց դուր է գալիս, ինչից հետո մարդիկ տեսնում են, որ մեր մարմինների վրա քաղաքական բնույթի հաղորդագրություն կա: Մեր մարմիններն ագրեսիվ են»:
Պատասխանելով ֆինանսավորման վերաբերյալ հարցին՝ ակտիվիստուհին վրդովվել է եւ ասել, որ կինն ի վիճակի է ամեն բան անել առանց հատուկ ռեսուրսների: «Մենք շարժումը զարգացնում ենք FEMEN-ի հանրահայտության շնորհիվ: Մենք նաեւ բարեգործական օգնություն ենք ստանում FEMEN-ի կողմնակիցների կողմից»,-ընդգծել է ակտիվիստուհին:





























