Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու է Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնի են դարձել իր աղբյուրներից:
Մեզ հասած տեղեկությունները ճշտելու համար զրուցեցինք Մաքսիմ Հակոբյանի հետ: Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առայժմ նման լուր չի ստացել, «որ լինի, մեծ հաճույքով կասեմ»: «Ես դեռ տեղյակ չեմ: Ինքն է որոշում, ինքը հասուն մարդ է, ես ընդհանրապես այդպիսի բաների չեմ խառնվում»,-ասաց Մաքսիմ Հակոբյանը` նշելով, որ ինքը միայն փորձում է կողքից խորհուրդ տալ:
Հարցին, թե կցանկանայիք, որ նա աշխատեր Սյունիքի մարզպետի պաշտոնում, կոմբինատի տնօրենը պատասխանեց, որ «թող մնա հետո, որ կլինի, կասեմ»: «Ես ձեզնից եմ լսում, բացարձակ տեղյակ չեմ, եթե ինչ-որ բան լինի, անպայման կասեմ: Ինքը շատ տարբեր տեղերում էլ կարող է աշխատել: Գուցե մի քանի օրից, մի քանի ժամից իմացվի այդ մասին, երբ որ կհայտարարվի, կասվի, այն ժամանակ ես կարող եմ պատասխանել այդ հարցին: Պաշտոնական ոչինչ չգիտեմ, ասում են, որ հավանական թեկնածու է, արժանի թեկնածու է, այդպիսի խոսակցություններ գնում է, ես էլ եմ նույն կարծիքին, որ իսկապես արժանի, հավանական թեկնածու է, թե ինչպիսի ընթացք կտա, կան մարդիկ, ովքեր այդ հարցը լուծում են, բնական է երկրի նախագահը»,- ասաց Մաքսիմ Հակոբյանը:
Նշենք, որ Վահե Հակոբյանը տարիներ շարունակ պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից: Ստացվում է, որ նրա մարզպետ նշանակվելուց հետո այդ ընտրատարածքում կկայանան նոր խորհրդարանական ընտրություններ:
Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանը իր տանը տեղի ունեցած հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը: Պաշտոնակատար է նշանակվել նախկին մարզպետի տեղակալ Արա Դոլունցը: Մարզպետի հավանական թեկնածուների բազմաթիվ անուններ էին շրջանառվում` Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյան, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան, ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյան եւ այլն:





























