Կապանի նախկին քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը հերքում է իր` Սյունիքի մարզպետ նշանակվելու մասին լուրերը: «Ոչ, ես էլ եմ լրատվամիջոցներից իմացել, նման բան չկա»,- նշեց նա:

Նա նշեց, որ տեղյակ չէ սյունեցիների անունից տարածված նամակին, որով պահանջում են իրեն նշանակել Սյունիքի մարզպետի պաշտոնին: Նախկին քաղաքապետը այդ նամակի մասին իմացել է լրատվամիջոցներից, չգիտի էլ, թե ովքեր են նախաձեռնել: «Ես այդպես ոգեւորված չեմ էլի այդ մտքից, չեմ էլ կարծում, թե ինչ-որ մեկը ժողովրդի կարծիքը հաշվի կառնի, դրա համար այդպես լուրջ չեմ ընդունում, ոչ էլ ոգեւորված եմ»,-ասաց Արթուր Աթայանը: Հարցին, թե չեք կարծում իրավիճակը մեղմելու համար գուցե եւ ձեզ նշանակեն, նա նկատեց, ինքը ռեալիստ է, եւ իրավիճակը մեղմելու համար մարզպետ չեն նշանակում: Նրա կարծիքով` ճիշտ կլինի, որ Սյունիքի մարզպետի պաշտոնին լինի կապանցի:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:

Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:

Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը: Պաշտոնակատար է նշանակվել նախկին մարզպետի տեղակալ Արա Դոլունցը: Մարզպետի հավանական թեկնածուների բազմաթիվ անուններ են շրջանառվում` Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյան, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան, ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյան եւ այլն: