Ադրբեջանում կրկին խափանումներ են առաջացել պետական հիմնարկների պաշտոնական կայքերի աշխատանքում։ Օգտատերերը չեն կարող մուտք գործել կառավարության, էկոնոմիկայի նախարարության, Պետական վիճակագրական կոմիտեի, պաշտպանության նախարարության, առողջապահության նախարարության և մի շարք այլ գերատեսչությունների ռեսուրսներ, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տեղական պարբերականների տեղեկություններով՝ խնդիրներն ազդել են նաև արտաքին գործերի նախարարության, ներքին գործերի նախարարության, գիտության և կրթության նախարարության ու երկրի խորհրդարանի կայքերի վրա։ Գերատեսչությունների էջերը չեն բացվում, ինչը դժվարացնում է պաշտոնական տեղեկատվության ստացումը։

Նոր խափանման պատճառը, դրա մասշտաբը և հասանելիության վերականգնման ժամկետներն առայժմ անհայտ են։ Ադրբեջանական լրատվամջոցների տվյալներով՝ հրապարակման պահին համապատասխան գերատեսչությունների պաշտոնական մեկնաբանությունները բացակայում էին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի իշխանությունները հայտնել էին պետական տեղեկատվական ենթակառուցվածքի դեմ կիբեռհարձակումների մասին։ Հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայության տվյալներով՝ հարձակումները սկսվել էին հոկտեմբերի 13-ի երեկոյան և ազդել էին ավելի քան 100 պետական դոմենների վրա։ Գերատեսչությունում հայտնել էին, որ միջոցներ են ձեռնարկվել հարձակման հետևանքները սահմանափակելու և կայքերի աշխատանքն ապահովելու համար։

Առայժմ չկա պաշտոնական հաստատում, որ ներկայիս խափանումները կապված են նոր կիբեռհարձակման կամ հոկտեմբերի 13-ի շարունակվող հարձակման հետ։