Կոլումբիայի իրավապահները Բոգոտայի «Էլ Դորադո» օդանավակայանում ձերբակալել են Իսրայելի և Մեքսիկայի քաղաքացիություն ունեցող 61-ամյա Մայքլ Միզրահիին։ Վերջինս Ինտերպոլի գծով հետախուզվում էր Դուբայի բանկերից մեկից շուրջ 16 միլիոն դոլար հափշտակելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով իսրայելական մամուլը։

«Բանկիր» մականունով հայտնի Միզրահին, ըստ գործի նյութերի, անդամակցել է անդրազգային հանցախմբի, որը խարդախ սխեմայով Դուբայի «Խարտում» բանկից յուրացրել էր ավելի քան 61 միլիոն դիրհամ (շուրջ 16 մլն դոլար)։

Հանցավոր խմբի անդամները ներկայացել են իբրև ազդեցիկ գործարարներ ու ներդրողներ և կեղծ ֆինանսական փաստաթղթերի ու գոյություն չունեցող նախագծերի միջոցով բանկից հսկայական միջոցներ են կորզել։ Քննության տվյալներով՝ հափշտակված գումարների մի մասը փոխանցվել է հենց Միզրահիի ընկերությունների հաշիվներին։

Կոլումբիայում Ինտերպոլի ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Էլվեր Վիսենտե Ալֆոնսո Սանաբրիան նշել է, որ ձերբակալությունն իրականացվել է Դուբայի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։

Այժմ Կոլումբիայի դատախազությունը նախապատրաստում է նրան Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանձնելու գործընթացը։ Եթե Միզրահին բողոքարկի որոշումը, արտահանձնումը կարող է մի քանի շաբաթով ձգձգվել։