Ռուսական հատուկ ծառայությունների կողմից Կրեմլի երկու քննադատների սպանությունը ծրագրելու մեջ կասկածվող վրացական ծագմամբ Հունաստանի քաղաքացին հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները և դեմ արտահայտվել Լիտվա արտահանձնվելուն։ Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին, նա ցուցմունք է տվել Հունաստանի Գերագույն դատարանում, հայտնում է Kathimerini-ն։
55-ամյա տղամարդը հայտարարել է, որ երբևէ չի եղել Լիտվայում և կապ չի պահպանել հետախուզական ծառայությունների հետ։ Նրա խոսքով՝ Հունաստան տեղափոխվելուց առաջ Մոսկվան իրեն վճարել է քիմմաքրման ոլորտում բիզնես վարելու համար։
Լիտվայի իշխանությունները համոզված են, որ ենթադրյալ ցանցը նախապատրաստում էր Կրեմլի երկու ընդդիմադիրների սպանությունը․ նրանցից մեկը Վիլնյուսում ապաստան ստացած ռուս ակտիվիստ Ռուսլան Գաբբասովն է, իսկ մյուսը՝ հանուն Ուկրաինայի հանդես եկող Լիտվայի քաղաքացի Վալդաս Բարտկյավիչյուսը։ Քննության տվյալներով՝ յուրաքանչյուր սպանության համար կատարողներին խոստացել էին 40 հազար եվրո։
Իրավապահ մարմիններին հաջողվել է կանխել հարձակումները։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել ութ անձի։ Հունաստանի իշխանությունները ներկայումս քննարկում են կասկածյալին Լիտվային հանձնելու հարցումը՝ հետագա քննությունն իրականացնելու համար։
Տղամարդու փաստաբան Թեոդորոս Կարայաննիսը դեմ է արտահայտվել արտահանձնմանը՝ նշելով, որ հարցման մեջ բավարար մանրամասներ չկան իր պաշտպանյալի ենթադրյալ դերի վերաբերյալ։ Պաշտպանական կողմը նաև ուշադրություն է հրավիրել մեղադրանքի ձևակերպման անհամապատասխանության վրա․ հանցագործությունը նկարագրված է որպես ավարտված սպանություն, չնայած այն հանգամանքին, որ ենթադրյալ հարձակումները կանխվել են։
Արտահանձնման հարցով Հունաստանի Գերագույն դատարանի որոշումը սպասվում է նոյեմբերի սկզբին։





























