Հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված մեր հետագա քայլերը, որոնց մի մասն արդեն իսկ նախաձեռնել ենք, նոր հորիզոններ կբացեն ոլորտի առջև։ Հոկտեմբերի 17-ին Ծաղկաձորում անցկացվող «Mining Armenia Forum 2026» ֆորումի ընթացքում այս մասին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Ոլորտի առաջընթացն ապահովելու նպատակով արդեն իսկ թվային գործիքակազմ են ներդնում։ Մասնավորապես, տարատեսակ օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություններն առաջիկայում կտրամադրվեն միասնական թվային համակարգի միջոցով»,— նշել է նա։
Խուդաթյանի փոխանցմամբ՝ երկրաբանական ծառայության ձևավորումը կավարտվի 2027 թվականի վերջին։ Սա թույլ կտա ոլորտը ղեկավարել մեկ միասնական կենտրոնից և հստակ պատկերացնել առկա խնդիրները։
Նա ընդգծեց, որ ֆորումն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ ընդլայնելով իր աշխարհագրությունը․ այս անգամ մասնակցում են շուրջ երկու տասնյակ երկրների ներկայացուցիչներ։ Սա, նախարարի համոզմամբ, վկայում է այն մասին, որ Հայաստանն իր ուրույն տեղն է զբաղեցնում միջազգային հանքարդյունաբերության քարտեզում։
Խուդաթյանը սա էական ձեռքբերում համարեց՝ հավելելով, որ պետք է հետևողական աշխատանք կատարել այդ արդյունքներն ամրապնդելու համար։
«Այս տարվա կարգախոսը՝ «Ռեսուրսներից դեպի հնարավորություններ», պատահական չէ։ Ընդերքօգտագործման մեջ ռեսուրսն առանցքային է, բայց ոչ վճռորոշ։
Առանց համապատասխան գիտելիքի՝ հանածոները կարող են անգամ վտանգ ներկայացնել պետության համար։ Մեր նպատակն է համատեղ ուժերով ոչ միայն կառավարել այդ վտանգը, այլև այն վերածել երկարաժամկետ զարգացման հնարավորության, որպեսզի բնությանն ու կենսաբազմազանությանը վնաս չհասցվի։ Սա լուրջ մարտահրավեր է և իրական հնարավորություն»,— եզրափակեց նախարարը։




























