Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Բրատիսլավան չի մասնակցի 2027 թվականին Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ վարկ տրամադրելու գործընթացին, հաղորդում է Dennik N-ը։

Նրա խոսքով՝ Կիևը դիմել է Եվրամիությանը նոր ֆինանսավորման խնդրանքով, մինչդեռ ԵՄ անդամ պետությունները դեռևս համաձայնության չեն եկել անգամ 2028–2034 թվականների երկարաժամկետ բյուջեի շուրջ։

Ֆիցոյի փոխանցմամբ՝ իր դիրքորոշմանը միացել է նաև Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։ Սլովակիայի կառավարության ղեկավարը վտանգավոր է որակել Եվրամիության առաջիկա յոթնամյա բյուջեի շուրջ բանակցությունները Ուկրաինայի ֆինանսավորման հարցի հետ կապելը։

Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ 2027 թվականին պատերազմը երկրի վրա կնստի 155 միլիարդ եվրո։ Նա եվրոպացի առաջնորդներին կոչ էր արել միջոցներ գտնել Կիևին աջակցությունը շարունակելու համար։

Ավելի վաղ Եվրամիությունը խոստացել էր Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել՝ 2026–2027 թվականների հրատապ ֆինանսական կարիքները հոգալու համար։ Եվրոպական հանձնաժողովն այդ գումարները հատկացնում է փուլ առ փուլ։ Ֆինանսավորման տրամադրումը պայմանավորված է նաև իրավունքի գերակայության պահպանմամբ ու կոռուպցիայի դեմ պայքարով։

Անդրադառնալով 2028–2034 թվականների ԵՄ երկարաժամկետ բյուջեի շուրջ բանակցություններին՝ Ֆիցոն նշել է, որ անդամ երկրները դեռ շատ հեռու են համաձայնության հասնելուց։ Նրա կարծիքով՝ մինչև տարեվերջ ընդհանուր հայտարարի գալը հեշտ չի լինելու։