Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերի ընթացքում Փարիզում և Լիոնում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև, իսկ Մարսելում ակցիայի մասնակիցները գրոհել են համայնքային ոստիկանության հենակետը։ Կեսօրին մայրաքաղաք Փարիզում բերման է ենթարկվել շուրջ 100 մարդ, BFMTV հեռուստաալիքին հայտնել են ոստիկանության պրեֆեկտուրայից։
Իրավապահների փոխանցմամբ՝ բերման ենթարկվածների մեծ մասը կասկածվում է պաշտպանական արգելված միջոցներ (այդ թվում՝ ամրացված ձեռնոցներ և դիմակ-բալակլավաներ) կամ որպես զենք կիրառվող արգելված առարկաներ կրելու մեջ։ Իշխանությունները նշել են, որ ոստիկանության վճռական գործողությունների շնորհիվ հաջողվել է արագորեն ցրել սոցիալական ցանցերում բռնության կոչեր հնչեցնող ակտիվիստներին։
Փարիզի Հանրապետության հրապարակում պաշտոնապես նախատեսված երթից դեռ երկու ժամ առաջ մի քանի հարյուր մարդ էր հավաքվել։ Իրավապահները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել։ Ավելի վաղ մայրաքաղաքում ցրվել էին իշխանությունների հետ չհամաձայնեցված երկու երթերը՝ արհմիությունների շուրջ 100 անդամների ակցիան Հյուսիսային կայարանի մերձակայքում և դպրոցականների նույնքան մեծ խումբը Ռեն փողոցում։
Տեղական ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ Փարիզում բերման էր ենթարկվել 61 մարդ, այդ թվում՝ 21-ը՝ CNews հեռուստաալիքի շենքի մոտ։ Ձերբակալվածների թվում չորս անչափահաս կա։ Ոստիկանները նաև մոտ 600 ստուգում են իրականացրել և առգրավել արգելված առարկաներ։
Լիոնում ոստիկանությունն արցունքաբեր նռնակներ է կիրառել Լիոն-3 համալսարանի մոտ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում հավաքված մոտ 300 ցուցարարների նկատմամբ։ BFMTV-ի տվյալներով՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հավաքվածները սկսել են վանկարկել «Siamo tutti antifascisti» («Մենք բոլորս հակաֆաշիստ ենք») կարգախոսը։
Մարսելում ցուցարարները գրոհել են Լա Կանեբիեր փողոցում գտնվող համայնքային ոստիկանության հենակետը։ Պրեֆեկտուրայի հաղորդմամբ՝ նրանք կոտրել են ապակիները և ներս նետել ծխագլաններ։ Կատարվել է նաև հրկիզման փորձ, որը հաջողվել է կանխել։ Տուժածների մասին չի հաղորդվում։ Իշխանությունները դատապարտել են կատարվածը՝ այն որակելով որպես հանրային գույքի և բնակչությանը օգնություն ցուցաբերող ծառայությունների աշխատանքի նկատմամբ ոտնձգություն։
Ցույցերն անցկացվում են վառելիքի ու էներգիայի թանկացման, ինչպես նաև կառավարության բյուջետային քաղաքականությունից դժգոհության ֆոնին։ Երկրի հյուսիսում գտնվող Վալանսյեն քաղաքում կոմունիստների նախագահի թեկնածու Ֆաբիեն Ռուսելը քաղաքացիներին կոչ է արել առավել ակտիվորեն միանալ բողոքի երթերին՝ շեշտելով, որ առանց զանգվածային համախմբման կառավարությունն իր քաղաքական կուրսը չի փոխի։




























