Ամերիկյան կորպորացիաները և ճյուղային միավորումներն ավելի քան 350 հանդիպում են անցկացրել Եվրամիության ներկայացուցիչների հետ՝ փորձելով հետաձգել անտառահատումների դեմ եվրոպական օրենքի ուժի մեջ մտնելը և մեղմացնել դրա կիրառումը։ Այս մասին շվել է Mighty Earth բնապահպանական կազմակերպության հետաքննության մեջ, գրել է The Guardian.
Կազմակերպության տվյալներով՝ արշավին մասնակցել են 24 խոշոր ամերիկյան ընկերություններ, առևտրային ասոցիացիաներ և ճյուղային միավորումներ։ 2024 թվականի հուլիսից մինչև 2026 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում նրանք առնվազն 173 հանդիպում են անցկացրել Եվրախորհրդարանի պատգամավորների և ևս 178 հանդիպում՝ Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մասնակիցների թվում էին ագրոարդյունաբերական հսկաներ Cargill-ը և Bunge-ը, սննդամթերք արտադրող Mondelēz-ը, Սոյայի արտահանման ամերիկյան խորհուրդը և ԵՄ-ին առընթեր Ամերիկյան առևտրային պալատը։
Անտառահատումների դեմ եվրոպական կանոնակարգն (EUDR) արգելում է մի շարք ապրանքների ներմուծումը ԵՄ շուկա, եթե դրանց արտադրությունը կապված է անտառահատումների հետ։ Օրենքի գործողության տակ են ընկնում խոշոր եղջերավոր անասունները և դրանցից ստացվող արտադրանքը, կակաոն, սուրճը, յուղատու արմավենին, կաուչուկը, սոյան և փայտանյութը։ Սկզբնապես փաստաթուղթը նախատեսում էր համապատասխան ապրանքների ծագման խիստ հսկում։
Սակայն օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետներն արդեն երկու անգամ հետաձգվել են, իսկ արտադրանքի ծագման հետևման պահանջները՝ վերանայվել։ Նախաձեռնության որոշ սկզբնական կողմնակիցներ հայտարարել են, որ այն փաստացի «ապամոնտաժել են»։ Օրենքը պետք է ուժի մեջ մտնի դեկտեմբերին։
Mighty Earth-ի տվյալներով՝ ամերիկյան ընկերությունները և ճյուղային կազմակերպությունները փոփոխությունների էին ձգտում ոչ միայն եվրոպացի պաշտոնյաների միջոցով, այլև ԱՄՆ Կոնգրեսի, գյուղատնտեսության նախարարության, ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի և Սպիտակ տան մասնակցությամբ։
2025 թվականի հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շոտլանդիայի գոլֆի դաշտում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Երկու շաբաթ անց կողմերը հրապարակել են համատեղ հայտարարություն, որում խոսվում էր EUDR-ի շրջանակում ԱՄՆ-ի նկատմամբ հատուկ մոտեցման մասին։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «աննշան ռիսկ է ներկայացնում գլոբալ անտառահատումների համար», ինչպես նաև խոստացել է հաշվի առնել ամերիկյան արտադրողների և արտահանողների մտահոգությունները, որպեսզի խուսափի ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրին չարդարացված վնաս հասցնելուց։
Mighty Earth-ում լոբբիստական արշավը բնութագրել են համառ և ագրեսիվ։ Կազմակերպության կարծիքով՝ հետաքննությունը նաև ցույց է տվել ԵՄ-ում լոբբիստական գործունեության ավելի մեծ թափանցիկության և որոշումների քննարկմանը հասարակական կազմակերպությունների ավելի լայն հասանելիության անհրաժեշտությունը։
Ամերիկյան ընկերությունները և ճյուղային միավորումները մերժել են օրենքի դեմ համակարգված արշավ իրականացնելու մեղադրանքները։ Նրանք հայտարարել են, որ ձգտել են հստակություն մտցնել նոր պահանջների կիրառման հարցերում և օգնել բիզնեսին պատրաստվել դրանց կատարմանը։
ԵՄ-ին առընթեր Ամերիկյան առևտրային պալատը մատնանշել է IT համակարգերի հետ կապված խնդիրները և ընկերությունների պարտականությունների ոչ բավարար հստակությունը։ Սոյայի արտահանման ամերիկյան խորհուրդը հայտարարել է, որ հանդես է գալիս ոչ թե պահանջների հետաձգման կամ դրանցից ազատման, այլ անցումային շրջանի օգտին, որը շուկայի մասնակիցներին թույլ կտա յուրացնել նոր կանոնները։ Իր հերթին, Bunge-ը հայտարարել է կանոնակարգի նպատակներին աջակցելու մասին և հայտնել, որ ներդրումներ է կատարում սոյայի ծագման հսկման համար։ Cargill-ը և Mondelēz-ը The Guardian-ին պաշտոնական մեկնաբանություններ չեն տրամադրել։
Թրամփի վարչակազմի դեսպաններն ու ներկայացուցիչները ևս ավելի վաղ հանդես էին եկել եվրոպական պահանջների դեմ՝ պնդելով, որ դրանք կավելացնեն ամերիկյան արտադրողների ծախսերը՝ առանց էական բնապահպանական արդյունքի։




























