Տասնյակ ակտիվիստներ և ուսանողներ հավաքվել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ պահանջելով վերացնել երկրի կրթական հաստատություններում հիջաբ կրելու սահմանափակումները, հայտնել է Middle East Monitor-ը։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ աղջիկները չպետք է ընտրություն կատարեն իրենց կրոնական համոզմունքների և կրթություն ստանալու իրավունքի միջև։

Ցույցը տեղի է ունեցել ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին, բրիտանական մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Հոլանդ Փարկ շրջանում։ Այն կազմակերպել էր Association of Students Activism for Palestine (ASAP) ուսանողական կազմակերպությունը գործընկերների հետ միասին։ Ակցիային մասնակցել են տարբեր դավանանքների և հայացքների մարդիկ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել հիջաբ կրող մուսուլման կանանց։

Ելույթ ունեցողները կոչ են արել ադրբեջանական իշխանություններին հարգել դավանանքի ազատությունը և թույլ չտալ խտրականություն ուսանողների նկատմամբ՝ նրանց կրոնական հագուստի պատճառով։ Հավաքվածներին դիմած մասնակիցների թվում էին ASAP-ի նախագահ Նուսայբա Մոհամեդը, ուսանող Օսամա Ղանեմը և իսլամական քարոզիչ Ֆադել Սոլիմանը։

Ընդվզողներն ընդգծել են, որ կրթության իրավունքը չպետք է կախված լինի նրանից, թե արդյոք աղջիկը գլխաշոր է կրում։ Նրանք նաև հայտարարել են, որ ընտրության ազատությունը ենթադրում է ինչպես հիջաբ կրելու, այնպես էլ դրանից հրաժարվելու իրավունքը՝ առանց պետության կամ հասարակության ճնշման։

Լոնդոնում ակցիան տեղի է ունեցել հենց Ադրբեջանում ընթացող բողոքի ակցիաների ֆոնին։ Երկրի իշխանությունները խստացրել են դպրոցական համազգեստին ներկայացվող պահանջները, սակայն նոր կանոններն ուղղակիորեն չեն հիշատակում հիջաբը։ Միևնույն ժամանակ, ծնողների և աշակերտների հաղորդմամբ, որոշ դպրոցներ սկսել են աղջիկներից պահանջել հանել գլխաշորերը կամ նրանց չթողնել դասերի։ Սա վեճեր է առաջացրել աշխարհիկ կրթության սկզբունքի, դավանանքի ազատության և երեխաների սովորելու իրավունքի հարաբերակցության շուրջ։

Լոնդոնյան ցույցի մասնակիցները հայտարարել են, որ մտադիր են վերադառնալ դեսպանատան մոտ ամեն ուրբաթ՝ մինչև որ Ադրբեջանի կրթական հաստատություններում հիջաբ կրելու սահմանափակումները չեղարկվեն։