Սահմանադրությամբ ամրագրված է երկրի զարգացման ուղին, եւ յուրաքանչյուր փուլում հիմնական օրենքը պետք է որոշակի խնդիրներ կատարի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
«Կարծում եմ, Սահմանադրության դերը ընդգծվում է հատկապես երկրի զարգացման փուլերում, հենց դրանով էին պայմանավորված 2005թ-ին իրականացված սահմանադրական բարեփոխումները: Բացի այդ, հասունացել են խնդիրներ, որոնք պետք է լուծվեն Սահմանադրության փոփոխության միջոցով»,-ընդգծեց Դավիթ Հարությունյանը:
Նա նաեւ ավելացրեց, որ վերոնշյալ փոփոխությունների հետ կապված հարցերը պետք է քննարկվեն առաջին հերթին ՀՀԿ-ի ներսում, որից հետո միայն կարող են հանրային քննարկման առարկա դառնալ:
Նշենք, որ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, իսկ 2005թ. նոյեմբերին Սահմանադրությունում կատարվեցին փոփոխություններ, մեծացավ խորհրդարանի դերը:





























