Սփյուռքի նախարարությունում, այսօր՝ հուլիսի 4-ին, կայացել է սիրիահայ երեխաների հոգեբանական-սոցիալական աջակցության ուղղությամբ համագործակցության մասին ՀՀ սփյուռքի նախարարության եւ միջազգային կազմակերպությունների միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հուշագրի ստորագրմանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսը, «World vision» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աիդա Առաքելյանը, «Save the children international» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Իրինա Սաղոյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

Իր խոսքում Հրանուշ Հակոբյանը դիմելով ներկաներին՝ նշել է. «Շնորհակալ եմ միջազգային կառույցներին, որ փորձում են օգնել սիրիահայ երեխաներին: Ուրախ եմ, որ բոլոր հարցադրումները փոխհամաձայնեցնում եք սիրիահայերի կենտրոնի հետ: Սփյուռքի նախարարությունը ակնկալում է Ձեր ակտիվ եւ մշտական մասնակցությունը այս ծրագրերին, որոնք վերաբերում են մեր մանուկներին, նրանց կենսական պայմաններին ու հոգեբանական, սոցիալական բարեկեցության խնդիրներին»:

Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում շարունակվելու է համագործակցությունը՝ սիրիահայ երեխաների նախադպրոցական կրթության ծրագրի մշակման ու իրականացման, Կիլիկյան վարժարանի 20 սիրիահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ծրագրի, սիրիահայ դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպման եւ այլ համատեղ միջոցառումներում: