Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում, հուլիսի 9-ին, կկայանա Հայաստանի սփյուռքի նախարարության 2013 թվականի «Սփյուռք» ամառային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է 5 ուղղություներով: Դասընթացները կանցկացվեն հայերենով, կդասավանդեն Հանրապետության եւ Սփյուռքի հայտնի լեզվաբան-մանկավարժներ: Մայրենիի ուսուցման ընթացքում կզուգակցվեն տեսական-գործնական պարապմունքները, սովորողները տարբեր միջավայրերում մայրենի լեզվով հաղորդակցվելու հնարավորություն կունենան:

Մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 250 սփյուռքահայ, որոնցից մասնակցության իրավունք է ստացել 210-ը՝ նախատեսված 100-ի փոխարեն: Մասնակիցները ներկայացնում են աշխարհի ավելի քան 25 երկիր:

«Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրը կմեկնարկի Հայոց լեզվի արագացված դասընթացով, որը կտեւի հուլիսի 8-ից մինչեւ օգոստոսի 2-ը:

«Սփյուռք ամառային դպրոց»-ը կանցկացվի նաեւ հետեւյալ ուղղություններով՝ Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ (15 հուլիսի-2 օգոստոսի), Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց (22 հուլիսի-2 օգոստոսի), Սփյուռքի լրագրողների դասընթաց (22 հուլիսի-2 օգոստոսի), Ազգային երգի ու պարի դասընթաց (24 հուլիսի-2 օգոստոսի):

Դասընթացների մասնակիցների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի գործիչների հետ: