Երեկ ՀՀ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Հայկական ժամանակի» թղթակցի հարցին ի պատասխան հայտնել է,  որ այսուհետ Հայաստանի սահմանահատումների մասին վիճակագրությունը կհրապարակվի միայն եռամսյակային կտրվածքով։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Այսինքն, Հայաստանից մեկնողների եւ Հայաստան ժամանողների թվերը այլեւս չեն հրապարակվի ամիսը մեկ։ Այս որոշումը, պետք է նկատել, այնքան էլ անակնկալ չէ։ Խնդիրն այն է, որ վերը նշված վիճակագրությունը թույլ է տալիս պատկերացումներ կազմել արտագաղթի ծավալների եւ միտումների մասին։

Ու քանի որ արտագաղթը գնալով ավելի մեծ թափ է հավաքում, ուստի որոշվել է հնարավորինս «փակել» այդ տեղեկատվությունը եւ փոքրացնել արտագաղթի ծավալների մասին հրապարակումների հաճախականությունը։ Որեւէ այլ պատճառ նախկինում ամսական կտրվածքով հրապարակվող տեղեկատվությունը եռամսյա դարձնելու համար, իհարկե, չկա։ Ասվածից դժվար չէ պատկերացնել, թե ինչ ծավալների է հասել արտագաղթը», - գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):