Վրաստանի Ուռեկիում էլ են ապօրինաբար լողափեր զավթում, հաղորդում է «ԷկոԼուրը»: 

«Սատարենք Ուռեկիի բնակչությանը», «Ստեղծեք սեր, ոչ թե պատեր», «Պատերը կբաժանեն մեզ»: Այսպիսի պաստառներով հուլիսի 1-ին  Վրաստանի Ուռեկի գյուղում Վրաստանի կանաչների կուսակցության կազմակերպած «Ամառային տարածաշրջանային ճամբար»-ին մասնակցող Հայաստանի, Վրաստանի, Սերբիայի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ակտիվիստները սատարել են իրենց իրավունքների համար պայքարող Ուռեկիի բնակիներին:

Բանն այն է, որ Ուռեկիի լողափի 3 հեկտար զբաղեցնող մի տարածք ապօրինաբար ցանկապատվել է, եւ բնակիչներին թույլ չեն տալիս օգտվել այդտեղի լողափից:

«Մենք բողոքում ենք անօրինական շինարարության դեմ: Ինչ-որ տներ, սրճարաններ են կառուցում այդ հատվածում: Օրենքով չի թույլատրվում պետական տարածքները վաճառել մասնավոր անձանց, իսկ դա հանրային լողափ է»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասել է «Ուռեկիի երիտասարդական շարժում» նախաձեռնության անդամ Տենգո Ուրցուան: Նա նշել է, որ պատրաստվում են դիմել համապատասխան մարմիններին եւ չեն պատրաստվում նահանջել:

«Ապօրինի շինարարությունը սկսվել է դեռեւս 6-7 տարի առաջ: Բազմաթիվ բողոքի ակցիաներ են եղել, սակայն մեր ձայնը հաշվի չեն առել...Իշխող նոր վարչակարգը նոր հույսեր է արթնացրել մեր մեջ... Նոր հույս, որ մի բան կփոխվի»,- պատմել են բնակիչները:

«Լողափը մագնիսական դաշտում է գտնվում: Լողափի ավազն օգտագործում են բազմաթիվ հիվանդություններ բուժելու համար` ռեւմատիզմ, պարալիչ, ողնաշարային հիվանդություններ, մաշկային հիվանդություններ: Այսինքն, սա կարեւոր նշանակություն ունի ոչ միայն տեղի բնակիչների համար, այլեւ ողջ մարդկության»,- ասել է Վրաստանի կանաչների կուսակցությայն ներկայացուցիչ Լեյլա Կիկնադզեն:

Իսկ «Վրաստանի երիտասարդ կանաչներ» կազմակերպության անդամ Գեորգի Մեգրելիշվիլին բողոքի-ակցիան բացառիկ համարեց նրանով, որ առաջին անգամ Կովկասի երկրները` Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը, համախմբվել են մեկ ընդհանուր  նպատակի շուրջ: