Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, ում անունը եւս շրջանառվում էր Սյունիքի մարզպետի պաշտոնին, նեղացած չէ հարազատ Հանրապետական կուսակցությունից Վահե Հակոբյանին իրենից գերադասելու  համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը:

Նա չցանկացավ գնահատական տալ Սյունիքի պաշտոնում նշանակվելիք թեկնածուին` ասելով, որ  Վահե Հակոբյանին գնահատականը տվել է  ՀՀԿ Գործադիր մարմինը` նրան կուսակցության կողմից առաջադրելով Սյունիքի մարզպետի պաշտոնում: «Ես Վահեին ճանաչում եմ մանկուց, մի միջավայրում ենք ապրել եւ մինչեւ այսօր մեր հարաբերությունները փոխադարձ հարգանքի վրա են հիմնված, գործնականում եւս շփվել ենք, ես նրան տեսել եմ որպես պարտաճանաչ, հայրենասեր, աշխատասեր, նախաձեռնող անձնավորություն: Մի շատ կարեւոր հանգամանք էլ կա, որ կցանկանայի շեշտել, ավանդական գերդաստանի զավակ է, բազմանդամ ընտանիքի թոռ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար Մաքսիմ Հակոբյանի զավակն է, իսկ ինչպես ասում է ժողովրդական խոսքը` պտուղը ծառից հեռու չի ընկնում: Ինքn ունի իր սեփական նախաձեռնությունները, բայց նաեւ ծնողներից իր մեջ ամբարել է ուժ, եռանդ, հայրենասիրություն»,- նշեց նա:

Վարդան Գեւորգյանն ասաց, որ իրենք ոչ միայն բարեկամներ են, այլեւ մի շարք նախագծեր, ծրագրեր են իրականացրել եւ միշտ տեսել է երիտասարդ օրենսդիրի հաստատակամությունը, օգնելու պատրաստակամությունը: Սյունիքի մարզպետի պոտենցիալ թեկնածուն վստահեցնում է, որ վիրավորված չէ ՀՀԿ-ից Վահե Հակոբյանին իրենց գերադասելու համար: «Չի կարելի երբեւէ նեղացածի կեցվածք ընդունել կամ ունենալ ներքին նեղացածություն: Կարծում եմ, որ եթե կուսակցությունը որոշել է, որ պետք է Վահեն լինի Սյունիքի մարզպետ, ուրեմն` կուսակցության որոշումը քննարկման ենթակա չէ, այդ պաշտոնը անձնավորված չէ»,-ասաց նա` հավելելով, որ վերջինիս առաջին շնորհավորողներից  մեկը ինքն է եղել եւ պատրաստ է հետագայում աջակցել նրան, աշխատել միասին:

Թե ինչու Վահե Հակոբյանին գերադասեցին իրենից, քաղաքապետն ասաց, որ կուսակցությունը հաշվի է առել վերջինիս փորձը, անցած ճանապարհը, երիտասարդ լինելը: Իսկ թե այդ հատկանիշներից որ մեկը ինքը չուներ, ապա Վարդան Գեւորգյանը պատասխանեց. «Կուսակցությունը ավելի շատ իրեն հարմար գտավ, հիմնավորումն այն է, որ այս պահին Քաջարանից ինձ այդտեղ տեղափոխելը այդքան էլ ճիշտ չէր, դեռ ես սպառված չեմ համայնքի ղեկավարի պաշտոնին, դեռ շատ բան ունեմ տալու»:

Կկարողանա  երիտասարդ  Վահե Հակոբյանը ղեկավարել մարզը նախկին մարզպետ  Սուրեն Խաչատրյանից հետո, քաղաքապետը կարծում է, որ  Սուրեն Խաչատրյանին չի կարելի նախկին մարզպետ համարել, որովհետեւ նա սյունեցի է եւ մինչեւ խոր ծերություն լինելու է սյունեցիների հետ: «Սուրեն Խաչատրյանի մարզի լավագույն ղեկավարն է, իր հարգանքի, սիրո արդյունքում Սյունիքը կայացել է: Այլ խնդիր է, որ Վահեն մեծ պատասխանտվություն է կրում, որովհետեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից հետո ոչ բոլորին է հաջողվում դառնալ Սյունիքի համար սիրելի ղեկավար: Ես կարծում եմ, որ Սուրեն Խաչատրյանը ինքն է աջակցելու, օժանդակելու, որպեսզի Սյունիքը դառնա միասնական, ինչպես եղել է իր օրոք»,- ասաց Վարդան Գեւորգյանը: Քաջարանի քաղաքապետը նշեց, որ 40 տարի է` ճանաչում է Մաքսիմ Հակոբյանին, իսկ Սուրեն Խաչատրյանին` 20 տարի, այդ ընթացքում երբեւէ նրանց հարաբերությունների մեջ հակասություն, լարվածություն չի տեսել, աշխատանքային տարակարծություններ են ընդամենը եղել:

Հիշեցնենք, որ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու է Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը: Մեր տեղեկությունները ավելի ուշ հաստատվել էին. ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը առաջարկել էր նրա թեկնածությունը եւ այն ընդունվել էր միաձայն:

Նշենք, որ Վահե Հակոբյանը տարիներ շարունակ պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից: Ստացվում է, որ նրա մարզպետ նշանակվելուց հետո այդ ընտրատարածքում կկայանան նոր խորհրդարանական ընտրություններ:

Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանը իր տանը տեղի ունեցած հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը: Պաշտոնակատար է նշանակվել նախկին մարզպետի տեղակալ Արա Դոլունցը: Մարզպետի հավանական թեկնածուների բազմաթիվ անուններ էին շրջանառվում` Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյան, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան, ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյան եւ այլն։