Մեր երկրի հիմնական խնդիրը ղեկավարման ձեւի մեջ չէ: Այս մասին հուլիսի 5-ին Սահմանադրության օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սահմանադրական դատարանի անդամ, պրոֆեսոր Ֆելիքս Թոխյանը:
«Մեր սահմանադրությունն այնպես է կազմված, որ դե-ֆակտո երկրում իշխանության կենտրոնը ոչ թե նախագահն է, այլ խորհրդարանը, այսինքն՝ երկիրը կառավարում է այն քաղաքական ուժը, որը խորհրդարանական մեծամասնություն է կազմում: Հետեւաբար, մենք պետք է ունենանք կոմպետենտ խորհրդարան՝ խստացված վերահսկիչ գործառույթներով»,-նշել է Թոխյանը, ընդգծելով բյուջեի կառավարման հարցում խորհրդարանի կարեւոր դերը, ինչպես նաեւ պատգամավորների եւ մշտական հանձնաժողովների թվի կրճատումը:
Նրա համոզմամբ, ամենաշատը խախտվում են Սահմանադրության այն կետերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին: Միեւնույն ժամանակ շատ լավ են գործում հոդվածները, որոնք կապված են պետական իշխանության մարմինների լիազորությունների հետ: Անդրադառնալով ներկայիս Սահմանադրության դերին՝ նա նշել է, որ Հիմնական օրենքն առայժմ որպես այդպիսին չի ընդունվում ժողովրդի կողմից: «Եվս մեկ կարեւոր հանգամանք. այսօրվա դրությամբ մեր երկիրը մի փոքր դանդաղ է զարգանում, մենք կորցնում ենք ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակ»,-հավելել է նա՝ հավաստիացնելով, որ սահմանադրական բարեփոխումների միջոցով Հայաստանը կկարողանա ապահովել ինչպես տնտեսության զարգացում, այնպես էլ քաղաքական համակարգի արդիականացում:





























