Մոտ ժամանակներս տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդների հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Հուլիսի 8-ին լրագրողներին այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ հանդիպումից հետո: 

Ըստ նրա` կողմերը մանրամասն քննակել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը: Որպես ԵԱՀԿ նախագահ` Ուկրաինան տվյալ հարցը իր մշտական ուշադրության կենտրոնում է պահում: Ընդ որում, համանախագահների ավելի հաճախակի հանդիպումները կարող են օգնել հիմնախնդրի կարգավորմանը, կարծում է Ադրբեջանի արտգործնախարարը:  «Ես գործընկերոջս տեղեկացրել եմ բանակցությունների ընթացքի մասին: Մենք առաջիկայում եւս մեկ հանդիպում ենք նախատեսում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ», - ասել է Մամեդյարովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հանդիպման հստակ ամսաթիվը եւ ձեւաչափը դեռ հաստատված չեն: Հայտնի չէ նաեւ` համանախագահները առանձին կհանդիպեն նախարաներից յուրաքանչյուրի հետ, թե կկայանա նախարարների երկկողմ հանդիպում: