Ֆրանսիան քաղաքական ապաստան է տրամադրել FEMEN սկանդալային կազմակերպության համահիմնադիրներից եւ առաջնորդներից մեկին` Ուկրաինայի քաղաքացուհի Իննա Շեւչենկոյին:
Հենց Շեւչենկոն էր 2012թ. օգոստոսի 17-ին Ռուսաստանում Pussy Riot փանք խմբի անդամների դատավճռի կայացման օրը բենզասղոցով սղոցել Կիեւի Անկախության հրապարակի խաչը` ի նշան դատապարտյալների հետ համերաշխության: Դրանից հետո նմանատիպ մի շարք ակցիաներ էին տեղի ունեցել Ռուսաստանում` լրատվամիջոցներում ստանալով «խաչի տապալում» անվանումը:
Այն ժամանակ Կիեւի ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել` «Խուլիգանություն» հոդվածով: Սակայն Շեւչենկոյին հաջողվել էր գաղտնի լքել Ուկրաինան եւ գնացքով Վարշավայով հասնել Փարիզ, որտեղ նա բացել էր «սեքստրեմիստուհիների» նախապատրաստական միջազգային ճամբար եւ ընդգրկվել Le Figaro ամսագրի 2012թ. աշխարհի 20 նշանավոր կանանց ցանկում, ասվում է կազմակերպության կայքում:





























