Սառեցված հակամարտությունների կարգավորումը գերակայություն է Ուկրաինայի համար, որն այս տարի կգործադրի բոլոր ջանքերը`դրանցում դրական առաջխաղացման հասնելու համար: Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան, հայտնում է ԱՊԱ-ն:

Նա նշել է, որ Ուկրաինան կողմնակից է սառեցված հակամարտության կողմերի միջեւ հումանիտար կապերի աշխուժացմանը: Կոժարան ընդգծել է, որ դրա օրինակն է մերձդնեստրյան հակամարտությունը:

Լեոնիդ Կոժարան հանդիպել է իրենց «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» անվանող կազմակերպության ներկայացուցիչների հետ:

«Մենք փորձում ենք աշխուժացնել բոլոր գործընթացները: Սակայն որպես նախագահ` գործում ենք որոշակի շրջանակում. տվյալ դեպքում Ուկրաինան հանդես է գալիս 57 երկրի անունից:  Այդ պատճառով էլ մենք պետք է հաշվի առնենք «հավաքական միտքը»: Մենք սատարում ենք նաեւ ներկայումս գործող  մեխանիզմները, որոնք կողմերին թույլ են տալիս բանակցություններ վարել: Ուկրաինական  նախագահությունը բոլոր ջանքերը կգործադրի սառեցված հակամարտությունների դրական աշխուժացման հասնելու հարցում», - հայտնել է Լ. Կոժարան: