Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Ռիգայի քաղաքային տրանսպորտի կառավարման ընկերություն:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման շրջանակում ընկերության ներկայացուցիչները երեւանյան պատվիրակության անդամներին են ներկայացրել Ռիգայում գործող տրանսպորտի համալիր կառավարման մոտեցումներն ու առանձնահատկությունները: Բանախոսների հավաստմամբ` 2007թ-ից ներդրված համակարգն, ըստ էության, լիովին կանոնակարգել է ամբողջ դաշտը, այդ թվում` հնարավորություն ընձեռելով ապահովելու հարմարավետ եւ լիարժեք ծառայություններ:
Երեւանյան պատվիրակության անդամների խնդրանքով՝ ընկերության ներկայացուցիչները մանրամասնել են նաեւ ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացը, հատկանշելով, որ շուտով նախաձեռնելու են քաղաքի արվարձաններում ավտոկայանատեղիների կազմակերպում, ինչը մեծապես կնպաստի Ռիգայի տրանսպորտայի հոսքերի բեռնաթափմանը:
Այնուհետ երեւանյան պատվիրակության անդամներն այցելել են նաեւ Ռիգայի քաղաքային տեսահսկման կենտրոն: Ներկայացնելով համակարգի աշխատանքը՝ կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ շուրջ 100 տեսախցիկներով կազմակերպվող շուրջօրյա աշխատանքների շնորհիվ լիովին ապահովվում է քաղաքի անվտանգությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ երեւանյան պատվիրակության անդամներն իրենց հերթին նշել են, որ «Անվտանգ քաղաք» ծրագրի շրջանակում Երեւանում եւս գործում է տեսահսկման համակարգ եւ որ այն իսկապես լավ գործիք է քաղաքն առավել անվտանգ դարձնելու համար: Երկու քաղաքների համագործակցության շրջանակում կողմերը պայմանավորվել են նաեւ, անհրաժեշտության դեպքում, կազմակերպել նաեւ փորձի փոխանակում:





























