ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարող է արագացնել Աֆղանստանից զորքերի դուրսբերումը` նախագահ Համիդ Քարզայի հետ տարաձայնությունների պատճառով, ինչպես նաեւ վերանայել տարբերակները, որոնց իրականացման դեպքում 2015թ. երկրում ոչ մի ամերիկացի զինվոր չի մնա:

New York Times-ը գրում է, որ երկու առաջնորդների հարաբերությունները լարվել էին` «Թալիբան» շարժման հետ կապեր հաստատելու ԱՄՆ-ի անհաջող փորձից հետո: Հունիսի 27-ին Օբամայի հետ տեսակոնֆերանսի ժամանակ Աֆղանստանի նախագահը նրան մեղադրել էր Պակիստանի եւ «Թալիբանի» հետ անջատական գործարքներ կնքելու փորձի մեջ, ի պատասխան Օբաման Քարզային հիշեցրել էր, որ ամերիկացի զինվորները զոհվում են` հանուն  վերջինիս կառավարության: Դրանից հետո Վաշինգտոնում սկսել են լրջորեն դիտարկել երկրում նույնիսկ  օժանդակ ստորաբաժանումներ չթողնելու  տարբերակը:

Երկու կառավարությունների միջեւ կան նաեւ այլ տարաձայնություններ: Քարզայն ԱՄՆ-ին մեղադրում է տարածաշրջանում իսլամական ծայրահեղական տրամադրությունների աճի մեջ:  ԱՄՆ-ն էլ Քարզային կասկածում է սահմանադրական արգելքը շրջանցելու եւ նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո  իշխանության ղեկին մնալու մտադրության մեջ: Մութ է մնում նաեւ ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանին ամենամյա ութմիլիարդանոց փաթեթի տրամադրման հետագա ճակատագրի հարցը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: