«Թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա Բեն Լադենը մի քանի անգամ հայտնվել է Պակիստանի հատուկ ծառայությունների տեսադաշտում, բայց նրանց անարդյունավետ գործունեության արդյունքում մնացել է ազատության մեջ: Այս մասին ասվում է Պակիստանում հրապարակված Մեն Լադենի դոսյեում:

Ինչպես հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը, զեկույցը կազմում է 336 էջ: Այն կազմել է 2011-ի մայիսին Բեն Լադենի սպանությունից հետո ստեղծված հանձնաժողովը, որի խնդիրը Բեն Լադենի մահվան հանգամանքների ուսումնասիրությունն էր:

Դրվագներից մեկում բեն Լադենի զինակիցներից մեկի կինը պատմում է, թե ինչպես ճանապարհային ոստիկանությունը Սվաթ նահանգում արագությունը գերազանցելու համար կանգնեցրել է մեքենան, որում եղել է բեն Լադենը: Սակայն ահաբեկիչների առաջնորդի օգնականին հաջողվել է համաձայնության գալ ոստիկանների հետ եւ մեքենան չի ձերբակալվել: Անվտանգության նկատառումներից ելնելով բեն Լադենը շրջել է կովբոյական գլխարկով, գրում է РБК-ն:

Զեկույցը քննադատում է Պակիստանի կառավարությանը՝ անվտանգության ծառայությունների բոլոր մակարդակներում անարդյունավետ գործունեության համար, ինչպես նաեւ ԱՄՆ-ին՝ երկրի տարածքում անօրինական ակտիվության համար: «ԱՄՆ-ը գործում է գանգսթերի նման»,-ասված է փաստաթղթում:

«Ալ Կաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը 1998 թվականի ի վեր գտնվել է ՀԴԲ-ի կողմից ամենաորոնվող ահաբեկիչների ցանկում: 2011 թվականի մայիսի 2-ի գիշերը բեն Լադենն սպանվել է Իսլամաբադից 50 կմ հեռավորության վրա գտնվող Աբոտաբադ քաղաքում:

Այս քաղաքում գտնվող տներից մեկում բեն Լադենը թաքնվել է 2005 թվականից: