Հայաստանում սկսվել է Granatus ventures վենչուրային հիմնադրամի գրանցման գործընթացը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սինգապուրից ժամանած գործարար Պիեռ Հենեսը: Նա հույս ունի, որ մինչեւ տարեվերջ հիմնադրամը կսկկսի գործել;

Granatus ventures-ում Պ. Հենեսի գործընկերներն են Երվանդ Սարկիսյանը Լոնդոնից եւ Մանուկ Հերգնյանը՝ Երեւանից: Պ. Հենեսը եւս հայկական արմատներ ունի, եւ մեծ դժվարությամբ խոսում է հայերեն: Նա արդեն 10 տարի է՝ Սինգապուրում գործունեություն է ծավալում վենչուրային ինդուստրիայի ոլորտում, այս պահին կազմակերպել է 3 հիմնադրամներ, որոնցից խոշորագույնն  ունի 20 մլն դրամ կապիտալ:

Հայաստանյան հիմնադրամը կհիմնվի 6 մլն դոլար կապիտալով, որի 50%-ը ֆինանսավորելու է ՀՀ կառավարությունը: Պ. Հենեսն ասում է, որ կառավարության մասնակցությունը շատ կարեւոր է, քանի որ նվազեցնում է ռիսկերը, մասնավոր ներդրողների մոտ վստահություն է առաջացնում: Այս մոդելով են աշխատում վենչուրային հիմնադրամները ԱՄՆ-ում, Իսրայելում, Սինգապուրում եւ այլ երկրներում:

Granatus ventures-ը ներդրումներ է կատարելու ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններում (start-up): Ներդրումը լինելու է փայամասնակցության տեսքով՝ Granatus ventures-ը ձեռք կբերի նորաստեղծ ընկերության բաժնեմասի զգալի մասը, սակայն ոչ ավելի, քան 50%: Այնուհետ, երբ ընկերությունը կզարգանա եւ կկայանա, այդ բաժնեմասը կվաճառեն:

Պ. Հենեսն ասում է, որ Հայաստանի շուկան շատ փոքր է մեծ ներդրումների համար, ուստի իրենց թիրախը ռուսախոս երկրների շուկան է՝ 400 մլն բնակչությամբ: Հայաստանն իրենց համար կդառնա բազային երկիր՝ այդ երկրներ ներթափանցելու համար, ինչին նպաստում են Հայաստանում ռուսերենի լավ իմացությունը, պատմամշակութային սերտ կապերը ռուսախոս ժողովուրդների հետ: Պ. Հենեսը նշեց, որ օրինակ՝ Սինգապուրը բազային երկիր է ասիական երկրներում ներդրումներ կատարողների համար, ինչից մեծ օգուտներ ունի:

Պ. Հենեսի կարծիքով՝ Հայաստանում վենչուրային բիզնեսը մեծ հեռանկարներ ունի, ինչին նպաստում է տնտեսության աճը, աշխատավարձերի ու խնայողությունների աճը; Բացի այդ՝ պետությունը սկսել է ներդրումներ անել գիտական հետազոտությունների ոլորտում, սկսել է աջակցել ՏՏ ընկերությունների կայացմանը: