Nabucco նախագծի իրականացումը կախված է պայմանագրի շուրջ Աշխաբադի՝ Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնությունից, ըստ որի թուրքմենական գազը 30 տարի պետք է ԵՄ մատակարարվի, գրում է «Կոմերսանտ» թերթը։
Գազային եւ էլեկտրոէներգետիկական նախագծերի համար Եվրահանձնաժողովը 2.3 մլրդ եվրո է հատկացրել, որից 200 մլն եվրոն՝ Nabucco գազատարի շինարարության համար։ Սակայն Եվրահանձնաժողովի էներգետիկ հարցերով զբաղվող Գյունտեր Էթինգերի խոսքով, մինչեւ վերջնական ներդրումային որոշման ընդունումը գումարները սառեցված են, եւ նախագծի ապագան, ամենայն հավանականությամբ, կորոշի Թուրքմենստանը։
Ինչպես գրում է թերթը, եթե Բրյուսելն ու Աշխաբադը չպայմանավորվեն մոտակա կես տարում, ԵՄ բյուջեից հատկացվող միջոցները կծախսվեն այլ նախագծերի վրա։
Թերթի տվյալներով, Թուրքմենստանը պատրաստ է Եվրոպա գազ մատակարարել Իրանի կամ Ռուսաստանի տարածքով՝ շրջանցելով Ադրբեջանը։ Սակայն այս գաղափարը դժվար թե աջակցություն գտնի Վաշինգտոնի կողմից, որը Թեհրանին մեկուսացնելու համար Nabucco-ն զրկել է գազային ռեսուրսներից։
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՀ-ում ունեցած դիվանագիտական աղբյորները, Nabucco-ի շինարարության սկսման կամ նրա վերջնական փակման մասին որոշումը կկայացվի մինչեւ տարեվերջ՝ Բրյուսելում հրավիրված հատուկ խորհրդաժողովի ընթացքում։
3.3 հազար կմ երկարությամբ Nabucco նախագիծը գնահատվում է 7.9 մլրդ եվրո։



















