Ֆրանսիայի հայ համայնքի դիրքորոշումը` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ նախաձեռնելու խոստման հարցով, ներկայացնում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդը,  որում ընդգրկված են ՀՅԴ-ն եւ Հայ դատի կոմիտեն: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայ դատի  ֆրանսիական գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:

Վարժապետյանի խոսքով` հայ համայնքը վերջին անգամ օրինագծի վերաբերյալ հարցը բարձրացրել է ապրիլի 24-ին,  եւ տվյալ պահին սպասում է, որ Ֆրանսիայի նախագահը կատարի իր խոստումը. «Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդն ու նրա կազմի մեջ մտնող  կազմակերպությունները նախընտրում են ողջ հայ համայնքի դիրքորշումն արտահայտող հայտարարություն անել»:

Վարժապետյանը նշեց, որ այդ հարցի վերաբերյալ հայկական առանձին կազմակերպությունների հայտարարությունները ցանկալի արդյունքի չեն հանգեցնի, քանի որ բավականաչափ նշանակալի չեն լինի. «Ի վերջո,  այդ հարցով, որը կարեւոր է ոչ միայն Ֆրանսիայի հայ համայնքի, այլեւ  ողջ հայության համար,  պետք է զբաղվեն կազմակերպություններ, որոնք ներկայացնում են ողջ  համայնքի շահերը: Չնայած  նրան, որ մենք հաճախ կիսում ենք նրանց դիրքորոշումը, այդուհանդերձ, հարցը պետք է բարձրացնի կազմակերպությունը, որը երկրում կշիռ ունի»:

Հիշեցնենք, որ 2012թ. հունվարի 23-ին  Ֆրանսիայի Սենատը  ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը, սակայն, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը  ճանաչել էր Սահմանադրությանը հակասող: Իրադարձությունները տեղի էին ունենում նախագահական ընտրությունների նախաշեմին, եւ երկու թեկնածուները` թե Օլանդը, թե Սարկոզին  նախագծի կողմնակիցներն էին: Ներկայիս նախագահ Օլանդը խոստացել էր նոր օրինագիծ նախաձեռնել: