Ղրղըզստանում քաղաքական ապաստան են առաջարկել Էդվարդ Սնոուդենին: Նման առաջարկով հանդես է եկել «Ֆինանս» շարժման առաջնորդ Չինգիզ Բոլոտբեկովը:
Իր նախաձեռնությունը Բոլոտբեկովը հիմնավորել է նրանով, որ Սնոուդենի արտահանձնմանը ձգտող ԱՄՆ-ն նախկինում դադարեցրել էր Ղրղըզստանի նախկին նախագահի որդու՝ Մաքսիմ Բաքիեւի հետապնդումը, որին հայրենիքում կաշառակերության մեջ են մեղադրում. «Բոլորս գիտենք, որ հնարավորություն կար Մաքսիմ Բակիեւին ճաղերի հետեւում տեսնելու, երբ ԱՄՆ-ում նրա դեմ քրեական գործ էր հարուցվել: Բայց հետո նախկին նախագահի որդու վրայից մեղադրանքները հանվեցին, եւ մենք կորցրինք հույսը: Այնպես որ, եթե Սնոուդենը մեզ մոտ քաղաքական ապաստան ստանա, դրանով ԱՄՆ-ի պատասխանը կտանք», - ակտիվիստի խոսքերն է մեջբերում K-News-ը:
Տեխնիկապես, ըստ Բոլոտբեկովի, ԿՀՎ-ի նախկին գործակալին Ղրղըզստան հասցնելը միանգամայն իրագործելի է: «Կապ չունի, որ Սնոուդենն առանց անձնագրի է, Ղրղըզստանի ՆԳՆ-ն եւ Ռուսաստանի ԱԴԾ-ն կարող են հեշտությամբ պայմանավորվել՝ Սնոուդենին մեզ մոտ հասցնելու հարցում», - նշել է նա:





























