Հուլիսի 8-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ 18-ամյա Համբարձում Թ.-ի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի մայթեզրին տեղադրված տաղավարներին, ինչի հետեւանքով պատճառվել է նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Համբարձում Թ.-ն նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, իր 3 ընկերների հետ իր ավտոմեքենայով Սայաթ-Նովայի փողոցով ընթանալիս՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել նշված փողոցի անցորդների նկատմամբ, ձայնային ազդանշան է տվել նույն փողոցով ընթացող «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդ, 28-ամյա Գուրգեն Խ.-ն եւ ուղեւոր Ռոման Խ.-ն ազդանշանը ցավագին են ընդունել, եւ, վիճաբանություն ստեղծելու նպատակով, «ԲՄՎ X-5»-ի վարորդը փոխադարձ ազդանշան է տվել «Մերսեդես-Բենց»-ի վարորդին, ապա շարունակելով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ, իրենց թաղամասում պարզաբանումնեը շարունակելու նպատակով, մեծ արագությամբ շարժվել է դեպի Տերյան փողոց եւ ընթացքում կոպիտ խախտելով ՃԵ կանոնները` ստեղծել է վթարային իրավիճակ, ընթացել է միակողմանի Շահումյան փողոցի հակառակ ուղղությամբ, որի ընթացքում «Մերսեդես-Բենց»-ի վարորդ Համբարձում Թ.-ն նույնկերպ հետապնդելով նրան` հասել է Շահումյան եւ Մայակովսկի փողոցների խաչմերուկ, եւ չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ բախվել է Շահումյան փողոցի մայթեզրին տեղադրված տաղավարներին, ինչի հետեւանքով սեփականատերերին պատճառվել է նյութական վնաս:

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) հարուցվել է քրեական գործ:

Համբարձում Թ.-ն եւ Գուրգեն Խ.-ն ձերբակալված են:

Կատարվում է նախաքննություն: