Հայաստանը Եվրադատարանում պարտվել է «Մելիքյանն ընդդեմ Հայաստանի» գործով: ՀՀ կառավարությունը ստիպված է 3.6 հազ. եվրոյին համարժեք գումար հատկացնել դիմումատուին: Գումարի հատկացման մասին հարցը ներառվել է ՀՀ կառավարության հուլիսի 10-ի նիստի օրակարգում:

Դիմումատուն Էմիլիա Մելիքյանն է: Նա «Պարեն» գիտաարտադրական միավորման աշխատակից էր:  Միավորումը հայտնվել է սեփականաշնորհման ծրագրում 2001 թ.: Աշխատակիցները 2004 թ. կառավարությանն առաջարկել են հիմնարկը ուղիղ վաճառքով վաճառել իրենց, սակայն կառավարությունը (հանձինս պետական սեփականությունը կառավարող վարչության) պատասխանել է, որ  մրցույթ է կազմակերպելու: Կոլեկտիվը հայտ է ներկայացրել մրցույթին մասնակցելու համար, սակայն պարզվել է, որ երկրի նախագահն այդ հիմնարկը ուղիղ վաճառքով վաճառել է երրորդ անձի:

Այդ հիմքի վրա աշխատակիցները դատական գործընթաց են սկսել ընդդեմ կառավարության, սակայն պարտվել են: Էմիլիա Մելիքյանը հասել է մինչեւ Եվրադատարան: